Ցուկերբերգը հայտարարել է Facebook -ում ժամադրության գործառույթ ավելացնելու մասին
Մարկ Ցուկերբերգը Facebook-ի ամենամյա համաժողովում անդրադարձել է սոցցանցի շուրջ բարձրացած տվյալների արտահոսքի մասին սկանդալին և կեղծ լուրերի տարածման խնդրին ՝ ներկայացնելով ընկերության ջանքերն այդ խնդիրները շտկելու համար:
Ինչպես հայտնում է CNN-ը, ընկերության գործադիր տնօրենը խոսել է նաև նոր գործառույթների և արտադրաքների մասին: «Մենք բոլորս լավատես ենք ապագայի հարցում, մենք ունենք մարտահրավերներ դիմակայելու: Այս տարի ես հասկացա, որ մենք պետք է առավել լայնորեն դիտարկենք մեր պատասխանատվությունները»,- ասել է Ցուկերբերգը:
Ըստ նրա հայտարարության՝ նորամուծություններից մեկը ժամադրության գործառույթն է: Ցուկերբերգի խոսքով՝ սոցցանցում 200 մլն մարդ իր մասին նկարագրության բաժնում նշել է, որ միայնակ է:
Նոր գործառույթն օգտատերերին հնարավորություն կտա առանձին «պրոֆիլ» ստեղծել ժամադրությունների համար օգտագործելու նպատակով, որում կկիրառեն միայն իրենց անունը: Նրանց ֆեյսբուքյան ընկերները չեն տեսնի այդ նոր «պրոֆիլները»:
Ցուկերբերգը նշել է նաև, որ ցանկանում են մեկ այլ գործառույթ փորձարկել գաղտնիության վերահսկողության շրջանակներում, այն է՝ «պատմության ջնջումը»: