Բողոքի ակցիա` Բեռլինում` Հայաստանի դեսպանատան դիմաց. մասնակցում է նաև Արսինե Խանջյանը
Բեռլինում ևս, ինչպես Սփյուռքի շատ այլ համայնքներում, բողոքի ակցիա է ընթանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Ի տարբերություն այլ քաղաքների` Բեռլինում կազմակերպված ցույցը բավականին բազմամարդ է, հարյուրավոր մարդիկ են հավաքվել Գերմանիայում ՀՀ դեսպանատան առջև:
Ցույցին մասնակցում է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Մենք այսօր հավաքվել ենք ասելու, որ Հայաստանի երիտասարդությունը իրենց իրավունքի տիրույթում են, այս շարժումը հանդարտ է, և այն այդպես էլ պետք է շարունակվի մինչև վերջ: Իսկ վերջն այն է, որ ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, նրանք այլևս կարող ուժ չեն»,-հայտարարեց Արսինե Խանջյանը:
Դերասանուհին նշեց, որ Երևանում երիտասարդների կամքն օրինակ պետք է լինի բոլորի համար և յուրաքանչյուրն իր տեղում պետք է գործողություններ անի:
«Մենք պետք է միասնաբար մտածենք: Ես չեմ հավատ չունեմ Սփյուռքի նախարարության հանդեպ, բայց հավատացած եմ, որ Սփյուռքը և Հայաստանը կարող են իրար հետ լեզու գտնել արևելահայերենով և արևմտահայերենով»,- հայտարարեց Արսինե Խանջյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջին օրերին նմանատիպ ակցիաներ են իրականացվել նաև Մոսկվայում, Փարիզում, Մարսելում և այլ քաղաքներում:
