Իսրայելապաղեստինյան նոր բախումների հետևանքով 112 մարդ է վիրավորվել
Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների ու իսրայելցիների բախման հետևանքով 112 պաղեստինցի է տուժել, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ Իսրայելի զինված ուժերը սպառնացել է արցունքաբեր գազ կիրառել:
Աղբյուրը նկատում է, որ արդեն 3 շաբաթ է, ինչ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ չեն հեռանում Գազայի հատվածի՝ Իսրայելի հետ սահմանակից հատվածից, որտեղ հիմնել են սահմանային պատնեշի երկայնքով հարյուրավոր մետրերով ձգվող վրանային ճամբարներ:
Ցուցարարները, որոնք Իսրայելի իշխանություններից պահանջում են թույլ տալ պաղեստինցի փախստականներին վերադառնալ իրենց պատկանող, սակայն այժմ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այրում են հրեական պետության դրոշները, քարեր են նետում սահմանապահների ուղղությամբ:
Հայտնի է, որ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան, որը նախատեսվում է շարունակել մինչև մայիսի կես:
Հիշեցնենք, որ մարտին նույն հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով 27 մարդ է զոհվել: