Ինչո՞ւ դադարեցվեց Թեղուտի ծրագիրը, որի համար հսկայական անտառ հատվեց, գետեր աղտոտվեցին. Լենա Նազարյանը՝ նախարարին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարից «Վալեքս» ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Նազարյանի՝ ընկերությունը խոշոր հարկատու է և 1200 հոգու գործատու:
«Ինչո՞ւ հեռանկարային բիզնես ծրագիրը, որի համար հսկայական անտառ հատվեց, գետեր աղտոտվեցին, դադարեցվեց: Ի՞նչ են անելու այդ մարդիկ»,-հարցրեց նա:
Հարցին պատասխանեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ուղղեց, որ Թեղուտի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավոր դադարի շրջանում:
«Կան խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն, այս տարվա վերջ կավարտվեն, և Թեղուտը նորից կվերագործարկվի»,-ասաց նա:
Նազարյանը նկատեց, թե բացի 1200 հոգու սոցիալական վիճակից, նաև հանքավայրի հետ կապված բնապահպանական խնդիրներ են արձանագրվել:
Կարայանը նշեց, թե հույս ունեն, որ տեխնիկական դադարի ընթացքում, որը վերցրել է շահագործող «Վալեքսը», բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը ևս կլուծվեն, և հանքը կշահագործվի:
