Իրանից Վրաստան գազ տարանցելու համար մեզ բացարձակապես անհրաժեշտ չէ ՀՀ տարածքում խողովակաշար կառուցել, բավարար է Սվոբ ծրագիրը. նախարար
ԱԺ-ում «Ելք» խմբակցության՝ ՀՀ էներգետի համակարգի վիճակի մասին հարցապնդման պատասխանը քննարկելիս «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե գաղտնիք չէ, որ երկրի տնտեսական հիմնասյուներից մեկն անկախ և կայուն էներգետիկ համակարգ ունենալն է:
Նա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունը՝ Հայաստանն Իրանի հետ ինչ նոր գազիֆիկացման ծրագրեր ունի:
«Միանշանակ այո, Հայաստանը պետք է դառնա տարանցիկ միջանցք գազի փոխադրման համար»,-հայտարարեց նախարարը:
Նա բացատրեց, թե այսօր գործող տեխնոլոգիաները և առկա հզորությունները թույլ են տալիս գազը «տարանցել» ամենևին էլ ոչ ֆիզիկապես:
«Այսինքն՝ Իրանից կոնկրետ Վրաստան գազ տարանցելու համար բացարձակապես անհարժեշտ չէ ՀՀ տարածքով խողովակաշար կառուցել: Արդեն բազմաթիվ երկրներում օգտագործվում է «Սվոբ» ծրագիրը: Մենք կարողանում ենք տեսականորեն Իրան-Հայաստան սահմանին գազ ստանալ, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Այսինքն՝ այստեղ լրացուցիչ արդյունաբերական կամ տարանցիկ հզորություններ կառուցելու որևէ անհրաժեշտություն չկա»,-ասաց նա:
Ըստ Մանուկյանի՝ այստեղ «մեխը» բնական գազի գնի մեջ է՝ որքանով են պայմանները և գինը մրցակցային:
Ըստ նրա, առաջարկվող գները՝ նաև Թուրքմենստանից, մրցունակ չեն այսօր իրենց կողմից ստացվող գազի գնի հետ:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, թե այսինքն՝ ՌԴ-ի կողմից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է:
