Այնքան ազնիվ տղա է, որ միշտ էլ անելու է այն, ինչ ճիշտ է. Սեյրան Սարոյանը` Հրայր Թովմասյանի մասին
«Հրայրն այնքան ազնիվ տղա է, ճիշտ տղա է, որ միշտ էլ անելու է այն, ինչ ճիշտ է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ, Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ Թովմասյան ինքն իրեն երբեք չի կեղծի:
Ինչ վերաբերում է Թովմասյանի կուսակցական լինելուն, Սարոյանն ասաց, թե բոլորն էլ ճանապարհ են անցել.«Սկիզբից դու գնացել ես առաջին դասարան, հետո 10-րդ դասարանն ես ավարտել, հիմա լրագրող ես: Բոլորս մի ճանապարհ պիտի անցնեիք, թե չէ, հո Սահմանադրական դատարանի նախագահն օդից չէր ընկնելու»,- շարունակեց նա:
Սարոյանը վստահեցրեց, որ Հրայր Թովմասյանի կուսակցական լինելը նրան չի կկաշկանդի ՍԴ նախագահի պաշտոնում անաչառ գործելու համար:
Նշենք, որ այս պահին խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններն են, միակ թեկնածուն Հրայր Թովմասյանն է:
Նա, ավելի վաղ, ՀՀԿ–ից դուրս գալու դիմում էր ներկայացրել։ ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանն էլ Tert.am-ին հայտնել էր, որ Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջների, որոնց համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Հիշեցնենք, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի անցնելուց հետո ՍԴ անդամի մեկ թափուր տեղ էր մնացել: Այս պաշտոնի համար առաջադրվեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: ԱԺ-ն ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանին ընտրել էր Սահմանադրական դատարանի անդամ:
