ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությանը կհանձնվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և կստեղծվի անտառային պետական կոմիտե
Նախատեսվել է անտառների կառավարման պետական լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությանը հանձնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ու ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառայի պետական կոմիտե: Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերում:
Ըստ հիմնավորման` ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով՝ ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում առաջարկվում է ձևավորվել նաև անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականությունն ապահովող վարչություն: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքը դեռևս ընդունված չէ, ուստի անտառային պետական ծառայությունը հնարավոր կլինի ստեղծել օրենքի ընդունումից հետո:
Նախագծում նշվում է, որ ներկայումս վերոնշյալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Անտառային պետական ծառայության ստեղծման հետ է անմիջականորեն կապված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման գործընթացը, որը ևս կիրականացվի անտառային պետական ծառայության ստեղծմանը զուգընթաց:
Նախագծերի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:
Նախագծերի ընդունումը թույլ կտա ապահովել Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում կատարելագործված և հստակեցված կայուն կառավարման համակարգի ստեղծումը:
