Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է խստացնել ներգաղթային օրենքները
Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի առաջարկելու է խստացնել երկրի իմիգրացիոն օրենքները և ապաստան տրամադրելու կանոնները, հայտնում է Reuters գործակալությունը:
Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 90 օր երկարացնել անօրինական ներգաղթյալների պահման ժամանակահատվածը և կրճատել ապաստանի տրամադրման մասին դիմումի ներկայացման ժամկետները: Սահմանն անօրինական կերպով հատելու համար առաջարկվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում կամ տուգանքներ:
Կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է վճռական և արդար լինել էմիգրացիայի հարցերում, այդ պատճառով օրենքի նախագծով նաև նախատեսվում է հեշտացնել ապաստանի տրամադրումն անչափահասների համար և կրկնակի կրճատել պետական մարմինների կողմից ապաստան տրամադրելու մասին դիմումների ուսումնասիրման համար անհրաժեշտ ժամկետները:
Իմիգրացիոն օրենսդրության փոփոխություններն առաջացրել են իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը:
