Ռուսաստանը հնարավոր բոլոր լծակները կօգտագործի՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղու ծրագրի իրականացումը խափանելու համար. փորձագետ
Շուրջ 10 տարի է, ինչ բանակցություններ են վարվում «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցք ձևավորելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին:
Վասաձեն նշեց, որ այս միջանցքի բացման շահագրգիռ պետություններից են նախ Չինաստանը, ապա Իրանը, Վրաստանը, ինչպես նաև Եվրամիությունը՝ ի դեմս Բուլղարիայի և Ռումինիայի:
Նշենք, որ օրերս Մյունխենում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն այժմ բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցք ձևավորելու համար:
«Դեռևս Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ, որքան ես գիտեմ, Եվրասիական զարգացման բանկը նպատակ ուներ ճանապարհ բացել Հայաստան-Վրաստան՝ Սև ծով-Պարսից ծոց ուղիով, բայց իրավիճակը փոխվեց: Քաղաքական տեսանկյունից ներկայումս դժվար է ասել, թե արդյոք եկել է, հասունացել է այս միջանցքի բացման փուլը: Ռուս-վրացական պատերազմից հետո դրա ստեղծման հեռանկարները կասկածի տակ դրվեցին»,- ասաց Գելա Վասաձեն:
Տնտեսական առումով, փորձագետի դիտարկմամբ, այս ծրագիրը օգտակար կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար, բայց տվյալ պարագայում խոսքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոնների մասին է :
«Իհարկե, չկարգավորված հակամարտությունների առկայությունը այս տարածաշրջանում խիստ խանգարում է զարգացմանը: Պատահական չէ, որ ռուս-վրացական պատերազմից հետո քննարկումների ինտենսիվությունն այս ծրագրի իրականացման շուրջ շոշափելի նվազեց»,- նշեց վրացի քաղաքագետը:
Վերջնական որոշումը, Վասաձեի խոսքով, կայացնելու են հիմնական խաղացողները՝ Չինաստանը, Եվրամիությունը: «Չեմ կարծում, թե Հայաստանը, Վրաստանը կամ Իրանը դեմ լինեն այդ որոշմանը: Բայց, ինչպես ասացի, այստեղ քաղաքական բազում ենթատեքստեր կան՝ սկսած չկարգավորման հակամարտություններից Հարավային Կովկասում, մինչև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու Իրանի ներքին ու արտաքին քաղաքական դրությունը»,- հավելեց Գելա Վասաձեն:
Հարցին՝ արդյոք քաղաքական դրությունը փոխվել է, այն խոչընդոտները, որոնք եղել են նախկինում վերացել են, թե ոչ, քաղաքագետը պատասխանեց.
«Չեմ տեսնում լուրջ փոփոխություններ, կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսով հայտարարում է հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթները, ինչը տրամաբանական է ու հասկանալի»:
Խոսելով Ռուսաստանի կողմից ծրագրի իրականացման հնարավոր նոր խոչընդոտներ առաջացնելու մասին՝ Գելա Վասաձեն նշեց, որ պաշտոնական Մոսկվան հնարավոր բոլոր լծակները կօգտագործի այս ծրագրի իրականացումը խափանելու համար: «Իսկ Մոսկվան ունի այդ հնարավորությունները»,- հավելեց նա:
Նշենք, որ շահագրգիռ կողմերից մեկը՝ Իրանը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանը՝ որպես Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ:
