Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է անհրաժեշտ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու համար օրենսդրական փաթեթ մշակել
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանը նկատեց, թե հայտարարության 5-րդ կետի ընդունման անհրաժեշտությունը չկա:
Նշենք, որ նախագծի հայտարարության տեսքտի 5-րդ կետում, մասնավորապես նշվում է. «Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»։
«Արդյո՞ք այս կետի անհրաժեշտությունը կա՝ նկատի ունենալով, որ դեռևս 2014թ-ին, ՍԴ որոշում ընդունվեց, դրան նախորդվող ՄԻԵԴ-ի դատարանի միջնորդությամբ օրենք ընդունվեց, որով փոխհատուցում էր կատարվում կոնվենցիոն իրավունքների խախտման համար ցանկացած անձի փոխհատուցման իրավունքը երաշխավորելու համար:
Այսինքն՝ 5-րդ կետը փաստացիորեն և իրավականորեն արդեն կա, այսինքն՝ այդ հնարավորությունը հարազատները ունեցել են և հիմա էլ ունեն, ինչ իմաստ ունի հայտարարությամբ հանդես գանք և հետո պարտավորենք ԱԺ-ին օրենսդրական փաթեթ մշակել»,-ասաց նա:
Փաշինյանն արձանագրեց, որ կոնվենցիոն խախտումների դեպքում կարող են զոհերի հարազատները փոխհատուցում ստանալ, և հարցրեց, թե հարց է, ովքեր են Մարտի 1-ի զոհերն ըստ եղած քրեադատավարական նյութերի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Մարտի 1-ի նախաքննության նյութերում զոհերը ներկայացվում են առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ, նրանց աջակիցներ, ոմանք հարբած վիճակում դեպքի վայրում գտնվող քաղաքացիներ: «Այսինքն՝ ՀՀ իրավական համակարգը դեռևս այս առումով հստակ դիրքորոշմամբ չի ֆիքսել՝ սխա՞լ են արել, որ այս մարդկանց սպանել են, թե ճիշտ են արել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ կան ոստիկանության 4 ենթասպաներ որպես մեղադրյալ ներգրավված, որոնք «Չերյոմուխա 7» են կիրառել և նրանք տարիներով մնացել են մեղադրյալներ, և գործն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում:
«Այսինքն՝ ՀՀ-ում ձեր ասած իրավունքների իրացման կոնտեքստ ընդհանրապես գոյություն չունի»,-ասաց նա և բացատրեց, թե հղում են անում Բռնության զոհերի կոնվենցիային, որն ԱԺ-ն չի վավերացրել, քանի որ այնտեղ հստակ ասվում է, որ եթե զոհ է դարձել, էական չէ այս պահին կարողանո՞ւմ ես արդյունավետ քննություն անես, թե ոչ, պետք է հարազատներին փոխհատուցես:
