Մեսսին մրցաշրջանում դարպասին կատարած հարվածների վատագույն ցուցանիշն է գրանցել Չելսիի հետ խաղում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Չելսիի» հետ խաղում (1:1) ընդամենը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասին, որն էլ թույլ է տվել հավասարեցնել հաշիվը:
«InStat»-ի տվյալներով, ընթացիկ մրցաշրջանի ընթացքում սա ֆուտբոլիստի վատագույն ցուցանիշն է, եթե հաշվի առնենք այն հանդիպումները, որոնք արգենտինացին անցկացրել է առանց փոխարինվելու:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսիի ակտիվում 90 րոպեի ընթացքում միջինը 5,6 հարված կա, իսկ Չեմպիոնների լիգայի խաղերում` 5,7:
«Չելսիի» հետ խաղում «Բարսելոնան» ընդհանուր առմամբ 7 հարված է կատարել դարպասին: 2017 թվականի փետրվարի 14-ի` ՊՍԺ-ի հետ անցկացրած խաղից ի վեր սա կատալոնացիների համար վատագույն ցուցանիշն է արտագնա խաղում: Այն ժամանակ «Բարսելոնան» ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում դարձյալ 7 հարված էր կատարել մրցակցի դարպասին, սակայն 0:4 հաշվով պարտություն էր կրել:
«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը «Բարսելոնայի» հետ խաղում դարձել է առաջատարը մրցակիցներին շրջանցելու տեսանկյունից: Բրազիլացու կատարած 12 փորձից 9-ը հաջողությամբ է ավարտվել; Այս ցուցանիշով լավագույն երկրորդ արդյունքը գրանցել է Մեսսին (11/4):
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հարվածների քանակով լավագույն արդյունքը գրանցել է Մյունխենի «Բավարիան»: «Բեշիքթաշի» հետ խաղում մյունխենցիները 28 անգամ են հարվածել մրցակցի դարպասին: Հիմա նրանց միջին ցուցանիշը կազմում է 18,6 հարված մեկ խաղի ընթացքում: Երկրորդ տեղում «Լիվերպուլն» է (18,1), իսկ երրորդ տեղում` «Ռեալը» (17,9):
