Աֆրինի գործողությանը միացել են նաև թուրք հատուկջոկատայիններ
Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը նախօրեին միացել են նաև թուրքական Ժանդարմերիայի հատուկջոկատայինների խմբերը, այս մասին հայտնում է DHA գործակալությունը:
Բացի այդ, Աֆրին են տարվել նաև քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Խուլբ և Էրգանի շրջանների իշխանամետ քրդական գյուղական պահակախմբերի անդամները, որոնք կռվել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ:
Այս ուժերը հատել են սահմանը թուրքական Ադըյաման նահանգից, որտեղ մեծ խանդավառությամբ նրանց դիմավորել և ճանապարհել է տեղի բնակչությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
