Apple-ի աշխատակիցները կիսվել են iPhone-ի աշխատանքը երկարացնող խորհուրդներով
Երբ մենք գնում ենք նոր հեռախոս, այն էլ՝ iPhone, համարում ենք, որ սարքն այն աստիճան անթերի է, որ չի կարող երբևէ փչանալ: Սակայն անցնում է ժամանակ, ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, ու օգտատերը չի հասկանում, թե որն է խնդիրը:
Ստորև AdMe.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է Apple ընկերության մասնագետների տված արժեքավոր խորհուրդները, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի հնարավորինս երկար անխափան օգտագործել iPhone-ը:
Լիցքավորել օրիգինալ լիցքավորիչով
Եթե iPhone-ը լիցքավորում եք կեղծ լիցքավորիչով, ապա դադարեցրեք այդպես անել: Չի բացառվում, որ ոչ օրիգինալ լիցքավորիչ օգտագործելու դեպքում, հեռախոսը կարող է պայթել կամ այրվել:
Միշտ հիշել այն հեռախոսահամարը, որի հետ կապված է iCloud-ը
Եթե չեք հիշում iCloud հավելվածի հետ կապված հեռախոսահամարը, ուրեմն թարմացում մի ներբեռնեք: Հակառակ դեպքում վերագործարկումից հետո հեռախոսը ձեզնից տվյալ հեռախոսահամարին ուղարկված ծածկագիրը կխնդրի: Հեռախոսահամարը չհիշելու ու համապատասխան ծածկագիրը չգրելու դեպքում չեք կարողանա վերականգնել ձեր հաշիվը: Ստեղծված իրավիճակում միակ լուծումը կլինի iPhone-ի պաշտոնական գրասենյակին դիմելը, ինչը չափազանց երկար գործընթաց է:
Ընտրել ճիշտ պատյան
Հարկավոր է ընտրել այնպիսի պատյան, որը նախատեսված է կարևոր անցքերի պաշտպանության համար: Այդպիսով՝ դուք կկանխեք աղբի ու փոշու կուտակումը, ինչը երբեմն հանգեցնում է տեխնիկական խնդիրների:
Հեռախոսն անջատել կիզիչ արևի ու դուրս չհանել սաստիկ ցրտի դեպքում
Պետք է գիտակցել, որ iPhone-ը շատ նուրբ հեռախոս է, որը պաշտոնապես թույլատրվում է օգտագործել 0-34 աստիճան ջերմաստիճանի դեպքում: Սա նշանակում է, որ 0-ից ցածր կամ 35 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում հեռախոսը չի կարելի օգտագործել:
Ամբողջ գիշեր լիցքավորման սարքին միացված չթողնել
Եթե շարունակեք այդպես վարվել, ապա մարտկոցի արդյունավետությունը կնվազի: Ավելի լավ է հեռախոսն ամբողջությամբ լիցքավորել ու գիշերն այն անջատել:
Երկար չպահել չլիցքավորված վիճակում
Նման դեպքում մարտկոցը կարող է փչանալ, ու երբ փորձեք միացնել հեռախոսը՝ ձեզ կարող է «դիմավորել» սև էկրանը:
Պարբերաբար վերագործարկել iPhone-ը
Եթե տևական ժամանակ սմարթֆոնը չանջատեք ու չվերագործարկեք, ապա մեծ է հավանականությունը, որ մի օր այն ուղղակի կանջատվի ու չի լիցքավորվի: Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մեկ անգամ վերագործարկել սարքը:
