Հատուկ պատվեր չեմ տեսնում, որ Հայաստանում պետականորեն Շարժման 30-ամյակ չեն նշում, ուղղակի իրենց համար առաջնահերթություն չէր. Առաքել Սեմիրջյան
Tert.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի համակիր, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Առաքել Սեմիրջյանն անդրադառնում է Հայաստանում արևելաեվրոպական հեղափոխությունների նախահայրը համարվող Արցախյան շարժման՝ Հայաստանում պետականորեն չնշելու հանգամանքին և հնարավոր պատճառներին:
-Երեկ Ազատության հրապարակում (88-ին՝ Թատերական) հրապարակում Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ «Արցախյան շարժում-սկիզբ» անվանմամբ հանրահավաքից հետո ոմանք արձանագրեցին, որ պատմական այս իրադարձությունը Հայաստանում որևէ կերպ չարժևորվեց պետական մակարդակով. որևէ ցուցահանդես, գիտաժողով չեղավ, որևէ գիրք չտպագրվեց: Որպես շարժման ակտիվ մասնակից՝ ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը:
- Ուրախ եմ, որ պետական մակարդակով Արցախի իշխանությունները նշեցին: Դա առաջին քայլն էր, որովհետև մինչև այժմ դա էլ չէր եղել: Իսկ Հայաստանի իշխանությունները … կարծում եմ՝ հատուկ միտում, պատվեր չկար, ուշադրության խնդիրն էր, ուղղակի ինչպես մնացած հարցերի վրա թքած ունեն, այնպես էլ այս հարցի վրա: Ուղղակի իրենց համար դա առաջնահերթություն չէր. տոնը, որ Անկախությանն ու Սարդարապատին հավասար իրադարձություն է:
-Բայց «ամյակներ» Հայաստանում պետականորեն նշում են՝ Քրիստոնեության 1700-ամյակ, Առաջին հանրապետության 100 –ամյակ, իսկ ինչու՞ ոչ՝ 88-ի 30-ամյակ, որը համարվում է հարավարևելյան հեղափոխությունների առաջնեկը, որի շնորհիվ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ձևակերպել, Բեռլինի պատը Հայաստանում քանդվեց:
- Կարելի էր ավելի գեղեցիկ բան կազմակերպել, ինձ թվում է՝ կլինի, դա էլ կլինի, որովհետև կրկնում եմ, պատվեր չեմ տեսնում, որ իրենք հատուկ ձևի չեն արել: Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները մյուս տարի ավելի ուշադիր կլինեն:
Մանավանդ նախորդ օրը Սերժ Սարգսյանը գրահրատարակիչների հետ հանդիպման ընթացքում ինքն էլ էր նշել կարևորության մասին: Ինձ թվում է՝ հաջորդ տարիներին ավելի ուշադիր կլինեն:
-Ամեն դեպքում, «Ղարաբաղ կոմիտեի» անդամները կարծես չերևացին հրապարակում:
-Վազգեն Մանուկյանին Ղարաբաղ էին հրավիրել, ու երեկ ես բացի Վազգեն Մանուկյանից ու Դավիթ Վարդանյանից (Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը և Ռաֆայել Ղազարյանը մահացել են, Վանո Սիրադեղյանը՝ հետախուզման մեջ է) հրապարակում բոլորին տեսա: Նույն Սամսոնն էր, նույն Ալեքսան Հակոբյանը, Ռաֆայել Ղազարյանի ընտանիքն էր…
-Չկար Տեր-Պետրոսյանը, ինչու՞, և արդյոք ճի՞շտ եք համարում:
-Ես չգիտեմ՝ իրենից կարող եք հարցնել, իր արգումենտները կունենա, ես ճիշտն ու սխալը չեմ կարող ասել, բայց ես կուզեի, որ լիներ:
