Վենեսուելական թվային արժույթի նախնական վաճառքների ծավալն արդեն հասել է 735 միլիոն դոլարի
Վենեսուելական «Պետրո» կրիպտոարժույթի նախնական վաճառքների ծավալն արդեն հասել է 735 միլիոն դոլարի: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարի 20-ից Վենեսուելան սկսել է «Պետրո»-ի վաճառքը: Այդկերպ այն արդեն դարձել է սեփական թվային արժույթով առաջին երկիրը:
«Մենք արդեն հասել ենք 4,77 միլիարդ յուանի «Պետրո» գնելու մտադրությունների, ինչը նշանակում է 596 միլիոն եվրո կամ 735 միլիոն դոլար»,- հայտարարել է Մադուրոն արժույթի թողարկմանը նվիրված հատուկ միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահն առաջին անգամ հայտնել է սեփական թվային արժույթը ստեղծելու մտադրության մասին 2017 թվականի դեկտեմբերի սկզբին: Մադուրոյի խոսքով՝ թվային արժույթը կապահովվի վենեսուելական բնական պաշարների, ոսկու, նավթի և ադամանդների պաշարների միջոցով:
Վենեսուելայի իշխանությունները հույս ունեն, որ դա կօգնի հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը:
