«Ես Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ եմ, քան Օբաման է եղել». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին թվիթերյան գրառումներից մեկում հայտարարել է, որ ինքը նախորդ նախագահ Բարաք Օբամայից ավելի խիստ է Ռուսաստանի նկատմամբ:
«Ես Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի խիստ եմ, քան Օբաման է եղել: Պարզապես նայեք փաստերին»,-գրել է Թրամփը:
Մինչդեռ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է 2016թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ նախագահ Թրամփը միանշանակ ընդունում է, որ ռուսները միջամտել են, հայտնում է insider.foxnews.com-ը:
«Դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ մի շարք ռուսների դեմ ներկայացրած փաստերից հետո ի վերջո Թրամփը գիտակցո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինը միջամտել է»,-հարցրել է լրագրողներից մեկը:
Սրան ի պատասխան Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է. «Թրամփը միանշանակ գիտակցում է դա: Նա չի ասել, որ Ռուսաստանը չի միջամտել: Նա ասել է, որ ռուսների արածն ազդեցություն չի ունեցել իր հաղթանակի վրա»:
Դրանից հետո լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու Թրամփը, ռուսական միջամտության փաստը գիտակցելով հանդերձ, նոր պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի նկատմամբ:
Սանդերսը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար հարկավոր է, որպեսզի Մոսկվան որոշակի խախտումներ թույլ տա:
Այնուհետև Սանդերսը կրկնել է նախագահի հնչեցրած միտքն առ այն, որ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ է, քան եղել է Օբաման իր նախագահության 8 տարվա ընթացքում:
