Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այս տարվա ընթացքում կընդունվի հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի նախագիծը. Ա. Բազարչյան
Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, կարծում եմ, այս տարվա ընթացքում կընդունվի ծխելու դեմ պայքարի նոր օրենսդրական նախագիծը, որն անդրադառնում է ծխելու սահմանափակումներին՝ հանրային վայրերում ծխելն արգելելուն, և գովազդի հարցերին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և մոտ ժամանակահատվածում կներկայացվի կառավարություն:
«Նախագիծն անդրադառնում է գովազդի, ծխելու սահմանափակումների և նմանատիպ այլ հարցերի: Կա մոտեցում արգելելու ծխախոտի օգտագործումը փակ հասարակական տարածքներում: Սրանք միջազգային պրակտիկայում կիրառվող մեխանիզմներ են, որոնք նաև մեզ մոտ են ներդրվում»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ծխախոտի գովազդի արգելմանը` Ա. Բազարչյանը նշեց, որ այս առումով ինչ-որ չափով ոլորտը կարգավորված է, բայց ամբողջությամբ արգելված չէ: Մասնավորապես, խոսքը վաճառքի կետերում ծխախոտի գովազդն արգելելու մասին է. «Օրենքի համաձայն սա էլ է արգելվելու: Գովազդ է դիտարկվում նաև սուպերմարկետներում դրամարկղների մոտ շարված ծխախոտները: Նախագիծը նաև դրան է անդրադառնում»,- տեղեկացրեց նա:
Մասնագետը օրենքը ուժի մեջ մտնելու ժամկետ դժվարացավ նշել, քանի որ նախագիծը դեռ պետք է անցնի գործադիր և օրենսդիր մարմիններով: Եթե օրենքի ընդունման բոլոր փուլերում ամեն ինչ նորմալ ընթանա, նրա կարծիքով՝ այս տարվա ընթացքում կընդունվի ծխելու դեմ պայքարի նոր օրենքը:
«Օրենքն ուղղված է ծխախոտի և ծխախոտի ծուխի հետևանքներից մարդկանց առողջությունը պահպանելուն: Մեր ամբողջ քաղաքականությունն այժմ ուղղված է նրան, որ տարեկան ունենանք 1.5-2 տոկոս ծխախոտի օգտագործման կայուն կրճատում, որը առաջիկա տարիների ընթացքում կբերի ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդությունների թվի կրճատում: Ծխախոտի դեմ պայքարն ինքնանպատակ չէ, ինքնանպատակը հիվանդությունների կրճատումն է»,- ասաց Բազարչյանը:
2017 թ.-ի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի:
Ալեքսանդր Բազարչյանը նաև հայտնեց, որ օրենքի նախագիծը հարկային քաղաքականությանը չի վերաբերում. «Այս պահին առողջապահության նախարարության կողմից մշակված նախագիծ, որով ծխախոտային ապրանքատեսակների կթանկանան, չկա»,- նշեց նա:
