Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին, զրահապատ տեխնիկան առաջ է շարժվում. լրատվամիջոցներ
Թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին շրջան ու Ազատ սիրիական բանակի հետ զինված քրդերի դեմ ռազմական գործողություն են իրականացնում:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ զրահապատ տեխնիկան առաջ է շարժվում՝ ճանապարհին չհանդիպելով քրդական կողմի լուրջ դիմակայությանը:
Նշվում է, որ քրդերը հեռանում են սահմանից՝ շարժվելով դեպի երկրի խորքը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ գործողության շրջանակում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 153 թիրախ:
Քրդական կողմն ավելի ուշ հաղորդել է, որ ռմբակոծումների զոհ է դարձել 9 մարդ, որից 6-ը խաղաղ բնակիչ է:
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ դրանք ոտնձգություն են երկրի ինքնիշխանության նկատմամբ:
