Հավանական չէ, որ ռուսական զենքը վերանա Հրվ. Կովկասից, նման մեկնաբանությունները սպեկուլյացիա են․ Անդրանիկ Միհրանյան
Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հավանական չի համարում, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում ռուսական զենքը կարող է վերանալ Հարավային Կովկասից: Նա Tert.am-ի հետ զրույցում նման մեկնաբանությունները «սպեկուլյացիա» որակեց:
«Դրանք սպեկուլյացիաներ են, մեծ հիմք չունեն: Եթե պարտավորվածություն լինի, որ այդ տարածաշրջանում ընդհանրապես զենք չվաճառվի, ապա պետք է ձեռք բերվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների համատեղ համաձայնությունը: Բայց դե միևնույն է, դժվար թե ծագի նման հնարավորություն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը վերջերս կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Բլանկի խոսքով, թեև, հավանաբար, պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում և Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել։
Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում չի կարող վերանալ: Անդրանիկ Միհրանյանի համոզմամբ՝ քիչ թե շատ զենքով՝ նա կապահովի իր ներկայությունն այստեղ: «Եթե զենքը չլինի, ավելի վատ կարող է Հայաստանի համար լինել, որովհետև Ադրբեջանը կարող է միջազգային շուկայից իր համար զենք գնել: Իսկ Հայաստանը, լինելով ՀԱԿՊ-ի անդամ, կարողանում է ավելի մատչելի գներով Ռուսաստանից զենք գնել: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի հետ էլ է անմիջական համագործակցում»,- նշեց նա:
Անդրանիկ Միհրանյանը ռուսական զենքի՝ Հարավային Կովկասից վերանալն անհավանական համարեց ևս մեկ պատճառով․ նա մատնանշեց, որ նման գործընթաց սկսվելու պարագայում հարցը պետք է քվեարկության դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ «Իսկ այդ դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը»:
Անդրանիկ Միհրանյանը նաև նշեց, թե ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքն իր համար արտադրեր զինամթերք, բայց դրա համար հնարավորություններ չկան: «Այդպիսի բացառիկ օրինակ կարող ենք բերել Իսրայելի դեպքում: «Այդ դեպքում էլ հրեական համայնքը՝ աշխարհով մեկ սփռված, հսկայական գումարներ է հավաքում դրա համար: Բացի այդ՝ Միացյալ Նահանգներն ամեն տարի Իսրայելին հսկայական օժանդակություն է ցուցաբերում՝ և՛ ֆինանսական, և ռազմական: Դա բացառիկ օրինակ է, և մեր դեպքում դժվար է հետևել այդ օրինակին»,- նշեց նա:
Ռուսաստանցի քաղաքագետը, այնուամենայնիվ, նշեց, որ ցանկալի է, որ զինամթերքն արտադրվի Հայաստանում: «Ժամանակին այդ հարցով Հայաստանում գիտական ուղղություններ կային, բարձր որակի մասնագիտական կադրեր կային․․․ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ անգամ մեծ պետությունները չեն կարողանում իրենց բավարարել ռազմական տեխնիկայով»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ պատճառով ինքը կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է հասկանա՝ ինչը կարող է ինքն արտադրել, ինչը պետք է ձեռք բերի այլ երկրներից:
