General Motors-ը ղեկից և ոտնակներից զուրկ ավտոմեքենա կթողարկի (տեսանյութ)
General Motors ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերությունը պլանավորում է մինչև 2019 թվականը ղեկից և ոտնակներից զուրկ ավտոմեքենա թողարկել: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերության կայքում նշվում է, որ մտադիր են Chevrolet Bolt էլեկտրամոբիլի հիման վրա սկսել Cruise AV ավտոմեքենայի սերիական արտադրությունը:
General Motors-ի նախագահ Դեն Ամմանի խոսքով՝ ավտոմեքենայի վրա աշխատանքները տևել են մեկուկես տարի: Նա պարզաբանել է, որ սա առաջին ավտոմեքենան է, որն ամենասկզբից մշակվել է առանց վարելու տարրերի՝ ղեկի և ոտնակների:
The Verge-ի տվյալների համաձայն՝ ավտոմեքենայի նախատիպն արդեն փորձարկվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո և Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքների փողոցներում:
