50-ից ավելի աֆրիկյան պետություն Թրամփից պահանջել է ներողություն խնդրել «կեղտոտ խորշերից ներգաղթյալների» մասին արտահայտության համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս թույլ տված արտահայտությունից «չափազանց վրդովված» աֆրիկյան 54 պետության ներկայացուցիչներ նրանից պահանջել են ներողություն խնդրել: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է «աշխարհի կեղտոտ խորշերից ԱՄՆ եկող ներգաղթյալների» մասին Թրամփի վերջին հայտարարությանը:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի հայտարարության տարածումից հետո, ՄԱԿ-ում աֆրիկյան պետությունների դեսպաններն արտահերթ նիստ են անցկացրել Թրամփի ասածը վերլուծելու համար:
Բացի այդ, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Աֆրիկայի ու աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց վարկաբեկելու շարունակական միտման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
Հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:
Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:
«Մենք պետք է ավելի շատ մարդ ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:
