Շվեյցարիայում արգելվել է խաշել կենդանի օմարներին
Շվեյցարիայի իշխանություններն արգելել են խաշել կենդանի օմարներին կերակուր պատրաստելու ժամանակ՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտնում է Franceinfo-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Շվեյցարիայի դաշնային խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել կենդանիների պաշտպանության մասին օրենքների վերանայման շրջանակներում, որոնք ուժի մեջ կմտնեն մարտի մեկին:
«Կենդանի օմարներին եռացող ջրի մեջ դնելը, ինչը տարածված է ռեստորաններում, այլևս թույլատրված չի լինի», - ասվում է փաստաթղթում:
Այս որոշման մեջ խորհուրդը հիմնվում է անասնաբուժական հետազոտության վրա, որում ասվում է, որ օմարները բարդ նյարդային համակարգ ունեն և զգայուն են ցավի հանդեպ: Դրանից բացի՝ նշվում է, որ մինչև խոհանոց հասնելը անշարժացած օմարները երկար ժամանակով պահվում են սառնարաններում առանց սննդի ու ջրի:
Նոր որոշման համաձայն՝ անհրաժեշտ է օմարներին խաշելուց առաջ խլացնել նրանց էլեկտրական կամ մեխանիկական ազդեցության օգնությամբ:
Նշվում է, որ այս որոշումը փոխզիջում է օմարների սիրահարների և կենդանանիների պաշտպանների միջև, որոնք ցանկացել են ամբողջությամբ դադարեցնել այս կենդանիների ներկրումը:
