Պետք է աշխատատեղ ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել, նշանակություն չունի` ազատամարտիկ է, թե նախկին զինծառայող. Վոլոդյա Ավետիսյան
«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ոգևորված չէ Կառավարության նոր նախագծից, որով առաջարկվում հաստիքների կրճատման դեպքում նախապատվություն տալ նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ինքը պայքարել ու պայքարում է ազատամարտիկների բարեկեցության համար, միևնույն է, գտնում է, որ սա խախտում է հավասարության սկզբունքը:
«Նայեք ինչ է կատարվում՝ մի մասին կրճատում են, բա էդ կրճատված մասն ի՞նչ պետք է անի, պետք է Հայաստանը լքի՞: Ուղղակի Հայաստանում պետք է աշխատատեղ ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել, նշանակություն չունի ազատամարտիկ է, թե նախկին զինծառայող, չի կարելի մարդկանց զատել, առանձնացնել իրարից: Ամեն մեկն իրենը պետք ստանա, այսինքն՝ լավը՝ լավ, վատը՝ վատ»,- ասաց նա:
Ավետիսյանն այս նախագիծը քայլ առաջ չի համարում՝ ուղղված ազատամարտիկների սոցիալական խնդիրների կարգավորմանը: Նա գտնում է, որ ազատամարտիկների խնդիրներն էլ երկրի ընդհանուր խնդիրների արդյունքն են: Ավետիսյանը նկատեց, որ Հայաստանում մինիմալ աշխատավարձը և ընդհանրապես աշխատավարձերը բավականին ցածր են:
«Այսօր աշխատավարձը շատ ցածր է, մարդիկ չեն կարողանում ապրել, մարդիկ զուտ գոյատևում են՝ մեկը մյուսին օգնելով, բարեկամների օգնելով, ովքեր որ հարազատներ ունեն արտերկրում և այլն: Այսինքն՝ ընդհանուր համակարգը շատ լուրջ խնդիրներ ունի, իշխանությունները չեն ուզում կարգավորել, երկիր կերտել, իրենց նպատակը Հայաստանը քանդելն է: Մի քանի անգամ ասել եմ, որ այսօրվա իշխանությունների մի մասը կոնկրետ այլ պետություն գործակալներ են, որովհետև չի կարող հայ մարդն իշխանության լինել ու իր պետությունը քանդել ու թուլացել»,- նշեց Ավետիսյանը:
Պահեստազորի գնդապետը խնդիրների լրջությունն ապացուցելու համար հայտարարեց, որ ինքը տեղեկություններ ունի, որ որոշ զորամասեր փակվում են, կրճատվում են: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ երկրի խնդիրների պատճառով մարդիկ ընտրում եմ արտագաղթի ճանապարհը:
«Երկիրը կոռուպցիայի մեջ խեղդված է, չկա արդարություն, հավասար մոտեցում, ամեն ինչ այսօր անձնավորված է: Եթե լուծման ենթակա հարց ես բարձրացնում, ասում են, որ իրենք տեղյակ չեն, իսկ երբ կոնկրետ անձնավորում ես, ապա հետևից են ընկնում, հեռացնում ծառայությունից և այլ»,- ընդգծեց Վոլոդյա Ավետիսյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ այս օրինագիծը կարող է վնասել, որովհետև չի բխում պետականամետ մոտեցումից: Հարցին՝ հաշվի առնելով, որ շատ ազատամարտիկներ փաստաթուղթ չունեն և հակառակ` չծառայածներն ունեն, սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանեց.«Ձեր ասած բոլոր խնդիրներն ընդհանուր են, քանի որ համակարգն ու այս իշխանությունները պետք փոխվեն, քանի որ ՀՀ առաջին նախագահից սկսած մինչև օրս քանդում են երկիրը»:
