Լեհաստանում արգելվում է կիրակնօրյա առևտուրը
Լեհաստանի խորհրդարանի պատգամավորները հունվարի 11-ին օրենք են ընդունել, որով արգելվում է կիրակի օրերին առևտուր անել երկրի տարածքում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով լեհական աղբյուրը, օրենքն ընդունել է խորհրդրանի վերին պալատը՝ Սենատը: Ստորին պալատը՝ Սեյմը, օրենքն ընդունել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին:
Օրենքի համաձայն՝ 2018 թվականի մարտի 1-ից սկսած ամեն ամիս խանութներն աշխատելու են միայն երկու կիրակի՝ առաջին կիրակին և վերջին:
2019 թվականից սկսած խանութները բաց կլինեն միայն մեկ կիրակի ամսվա մեջ, իսկ 2020 թվականի հունվարի մեկից կգործի կիրակնօրյա առևտրի լիարժեք արգելքը: Բացառություն կկազմեն 7 առանձնացված կիրակի տարվա մեջ՝ Սուրբ Ծնունդին նախորդող երկու կիրակին, Զատիկին նախորդող կիրակին, ինչպես նաև հունվարի, ապրիլի, հունիսի և օգոստոսի վերջին կիրակիները:
Կիրակի օրերին աշխատել կկարողանան ծաղկի, հրուշակեղենի, հացաբուլկեղենի և պաղպաղակ վաճառող խանութները: Արգելքը խախտելու դեպքում 1000-100 000 զլոտա տուգանք է նախատեսվում:
Այժմ օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահը:
