Թեև անունը սոցիալական բունտ է, բայց սա ավելի շատ «Ելքի» քաղաքական քայլն է՝ ֆիքսելու իր դիրքը դաշտում. Կարեն Քոչարյան
Tert.am –ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնում է Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ՝ թանկացումների վերաբերյալ հանձնարարականներից հետո մեկնաբանություններին, թե սրանով Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Կարեն Քոչարյանը համամիտ չէ, ըստ նրա՝ Սարգսյանի վերջին հայտարարությունը պայմանավորված է Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերով ու ստեղծված դժվար կառավարելի կամ ավելի հեռուն գնացող հետևանքներով:
-Պարո՛ն Քոչարյան, Սերժ Սարգսյանի՝ հունվարի մեկից հետո թանկացումներին արձագանքը մեկնաբանվեց որպես հստակ ուղերձ, որ 2018-ի ապրիլից հետո լինելու է վարչապետի պաշտոնում և, հետևաբար, Դուք սա տեսնո՞ւմ եք որպես հարցի հստակ պատասխան, թե որտեղ է տեսնում իր քաղաքական ապագան:
-Ես դեռ նման բան չեմ կարող ասել՝ կարելի՞ է տեսնել, առանց դրա էլ կարելի է տեսնել, եթե ինքը ուզենա մնալ: Եվ այդ խորհրդակցությամբ չէ, որ պետք է մեսիջներ ուղարկվեն: Կարծում եմ` սա, ամենայն հավանականությամբ, պատասխան է «Ելքի» նախաձեռնած երթին և Իրանի նման երկրում նման բունտից հետո զգուշավորությանը՝ սոցիալական նման պայթյունավտանգ բաներից: Իմ կարծիքով՝ ավելի շատ դա է:
-Դատելով քաղաքական ուժերի տրամադրվածությունից՝ «Ելքի» նախաձեռնությանը միանալու առումով, պասիվ վիճակ է լինելու: Մյուս կողմից, ժողովուրդը ապատիկ վիճակում է, այսինքն՝ որքանո՞վ է իրատեսական պայթյունավտանգ վիճակը:
-Իրանից ապատիկ չեն կարող լինել, դրա համար բերեցի այս երկրի օրինակը, որտեղ տասնամյակներով հնարավոր չէր ոչինչ շարժել, բայց մի օրվա մեջ ամեն ինչ պայթեց:
-Այսուհանդերձ, գաղտնիք չէ «Ելքի» մասին կարծիքը, որ կառավարելի ընդդիմություն է: Նաև հարցեր է առաջացնում այն, որ այս քաղաքական միավորը, որը երկար ժամանակ ասել է, որ մենք չենք դուրս գա փողոց ու հետո ժողովրդին տուն ուղարկենք, հիմա, այդուհանդերձ, որոշեց գնալ այդ քայլին: Ինչո՞ւ:
- «Ելքը» որպես քաղաքական տեխնոլոգիա, կարծում եմ՝ ճիշտ քայլ է անում, որովհետև «Ելք»-ն ինքն իրենով խնդիր ունի դատարկ մնացած ընդդիմադիր դաշտում գրավել լիդերի դիրքը՝ մոտակա 4-5 տարիների համար: Ավելի շատ այս խնդիրն է այս քաղաքական միավորը լուծում, որովհետև վերջին տարիներին նման ակցիաները տևել են այնքանով, որքանով ցանկացել է իշխանությունը:
-Նկատի ունե՞ք Elektrikyerevan–ը, 100 դրամի ակցիան, որովհետև սրանք են մեր իրականության մեջ հստակ սոցիալական հենք ունեցող շարժումները, մնացածները բացառապես քաղաքական են եղել:
-Այո:
-Այդ դեպքում, եթե «Ելք»-ի թիրախն այդքան մեծ է, նպատակն այդքան հեռուն գնացող՝ գրավել ընդդիմադիր դաշտը, ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերը, այդ թվում, արտախորհրդարանական, որոնք ապրիլի 2-ից հետո քաղաքական արձակուրդի մեջ են, չեն փորձում վերագտնել դեմքը:
-Որովհետև իրենք հասկանում են, որ հիմա «Ելքը» ալիքի վրա է, և իրենք` մասնակցելով, լինելու են երկրորդ ջութակ: Տեսեք՝ ինչ կատարվում. «Ելք»–ը սկզբում նախաձեռնեց և որպես Նախագահի թեկնածու առաջադրեց Արտակ Զեյնալյանին՝ դրանով իսկ անհարմար վիճակի մեջ գցելով «Բարգավաճ Հայաստանին», և հիմա էլ էր նույնը լինելու՝ երթի հետ կապված, որովհետև մենք` բոլորս, լսում ենք ծառուկյանական պատգամավորների՝ Միքայել Մելքումյանի, Գևորգ Պետրոսյանի ելույթները, ականատես լինում «Առինջ» մոլի ակցիաներին, և հետևաբար, ակնհայտ է, որ երթին Ծառուկյանի քաղաքական ուժը չի միանալու: Եվ սրանով, փաստորեն, «Ելքը» ֆիքսում է, որ, նախ, խորհրդարանում ընդդիմությունը միայն իրենք են և երկրորդը՝ փողոցում, որտեղ վաղուց ոչինչ չի եղել, էլի իրենք են: Եվ կարևորը՝ զուտ տեխնոլոգիայի տեսանկյունից, իրենք չեն անում հանրահավաք, որից ժողովուրդը հոգնել է, իրենք անում են երթ, որը կրում է շոուի բնույթ. մարդիկ տեսնում են, միանում, սա ավելի դինամիկ պրոցես է:
-Հնարավո՞ր է, որ սրան գումարվեն եկամտահարկի բարձրացումից դժգոհողները, այլ սոցիալական խմբեր:
-Եկամտահարկից «աջ ղեկ» նախաձեռնություն, փոքր-փոքր խմբեր, երևի թե կմիանան, բայց միևնույն է՝ համոզված եմ, որ թեև անունը սոցիալական բունտ է, բայց սա ավելի շատ քաղաքական քայլ է՝ ֆիքսելու իր դիրքը դաշտում:
