Մեգան Մարքլը հրաժարվել է սոցիալական ցանցերից
Տարվա ամենից շատ աչքի ընկնող դերասանուհու՝ Մեգան Մարքլի էջերն Intsgram-ում և Twitter-ում անհասանելի են դարձել հունվարի 9-ին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, meghanmarkle անուն-ազգանունով որոնում կատարելիս սոցցանցերում հայտնվում է «այսպիսի էջ գոյություն չունի» կամ «էջը ջնջվել է» հաղորդագրությունները:
2017-ի ապրիլին ամերիկուհին արդեն փակել էր իր բլոգը կյանքի, սննդի և բարեգործության մասին:
Դերասանուհին փեսացուի՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ առաջին համատեղ ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ ավարտում է դերասանական կարիերան: «Չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի ավարտն է, ես դա դիտարկում եմ որպես փոփոխություն, սա նոր գլուխ է, այնպես չէ՞»,- իր որոշումը ներկայացնելիս այսպես է մեկնաբանել Մեգանը:
Հարիի և Մեգանի նշանադրության մասին հայտնի է դարձել 2017-ի նոյեմբերի վերջին: Ինչպես արդեն հաղորդվել է, նրանց պսակադրությունը կայանալու է 2018 թվականի մայիսի 19-ին Վինդզորյան ամրոցում:
