Մեր գլխավոր նպատակներից մեկին հասել ենք, բայց պայքարը կշարունակենք, եթե մեքենա ներմուծողները պայքարեն. «Աջ ղեկ» նախաձեռնություն
Մեր գլխավոր նպատակներից մեկին՝ վերահաշվառման արգելքի վերացմանը հասել ենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը` նշելով, որ իրենք պայքարը կշարունակեն միայն այն դեպքում, երբ ներմուծողները նման ցանկություն հայտնեն և աջակցեն իրենց:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է նախագիծը, որով նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից: Սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծվածների վրա, դրանք կարող են վերահաշվառվել և ազատ շահագործվել։
«Խմբի դիրքորոշումը այսպիսին է՝ մենք կպայքարենք, եթե ներմուծողները պայքարեն, մենք չենք պայքարի, եթե ներմուծողները չպայքարեն, այսինքն` մեր գլխավոր նպատակներից մեկին՝ վերահաշվառման արգելքի չիրացմանը մենք հասել ենք, դա մեր գլխավոր երկու նպատակներից մեկն է: Մեկին որպես քաղաքացի հասել ենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց շարքերում ներմուծողներ չկան:
««Աջ ղեկ» նախաձեռնությունում ոչ մեկ ներմուծող չէ, և որ անկեղծ ասեմ, այնպես չէ, որ մեծ մոտիվացիա կա դրան հասնելու: Եթե մենք հիմա ներմուծողների համար պայքարենք առանց ներմուծողների կամքի, մեզ կասեն`դուք ուրիշի շահի համար եք պայքարում, որովհետև դուք շահ ունեք այդտեղ: Բայց մենք ասում ենք, եթե իրենք պայքարեն, մենք էլ կպայքարենք իրենց հետ:
Գևորգ Աճեմյանի խոսքով` «Աջ ղեկ» նախաձեռնությունն իրենց հետագա քայլերը՝ պայքարը շարունակելու առումով, կախված է ներմուծողների դիրքորոշումից:
Նրանց հետ զրուցել են առավոտյան, կառավարության կողմից որոշման ընդունումից հետո և այժմ սպասում են պատասխանի ներմուծողներից. լինելուն պես` խումբը հանդես կգա հայտարարությամբ:
«Եթե հիմա ներմուծողներն ասեն, որ աջակցում են «Աջ ղեկ» նախաձեռնությանը, մենք կգնանք իրենց հետ նաև փողոցային պայքարի»,-ասաց Աճեմյանը:
