Տնտեսվարողները խուճապային գործոնը հաշվի առնելով՝ իրենց ապրանքը թանկացնում են. Ռոբերտ Մակարյանը՝ գյուղատնտեսական ապրանքների գնաճի մասին
Կան կարևոր ապրանքատեսակներ, որոնք թանկացել են, բայց կան նաև բազմաթիվ ապրանքատեսակներ, որ էժանացել են: Այս մասին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների գնային փոփոխություններին:
«Հիմնական թանկացումը կարագի շուկայում էր, որը մենք ներկրում ենք, թանկացել է նաև խոզի և տավարի միսը, կարտոֆիլը և լոլիկը: Մնացած ապրանքների գինը մնացել է նույնը կամ իջել, երբ համեմատում ենք 2017 թ. դեկտեմբեր ամսվա տվյալները 2016 թ. դեկտեմբեր ամսվա տվյալների հետ: Թանկացման համար թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ կան»,-պարզաբանել է փոխնախարարը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ գնաճի պատճառների ուսումնասիրության, վերլուծությունների հանձնարարականներ են տրվել, որից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր. «Երկու կարևոր հանձնարարական առանձնացնեմ: Կառավարություն պետք է ներկայացնենք սոցիալական գյուղմթերքի ցանկ, անընդհատ իրականացնենք շուկաների մոնիթորինգ, որպեսզի հասկանանք գնաճի պատճառները: Այսինքն՝ պետք է հասկանանք գնաճը տնտեսվարողների պատճառո՞վ է լինում, իրենց կամքն են արտահայտում, թե կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված արտերկրի շուկաների և ներքին ինչ-որ խնդիրների հետ: Երկրորդ կարևոր հանձնարարականն այն է, որ պետք է մշակվի համալիր ծրագիր՝ ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու»:
Ռոբերտ Մակարյանը հավաստիացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունն այս երկու կարևոր հանձնարարականների հետ կապված արդեն աշխատանքներ է իրականացնում: Այդ ինֆորմացիան պարբերաբար ներկայացվելու է հանրությանը:
«Կան բազմաթիվ մարդիկ, փորձագետներ, նաև ոչ մասնագետներ, որ ուղղակի մի գործոնի ազդեցությունը հաշվի առնելով՝ խուճապային տրամադրություններ են ստեղծում մարդկանց մոտ, և վաճառողները խուճապային գործոնը հաշվի առնելով՝ իրենց ապրանքը թանկացնում են»,-վերլուծել է փոխնախարարը:
Նրա տվյալներով՝ բացի կարտոֆիլից և լոլիկից, մնացած ապրանքների մասով մենք ինքնաբավ չենք: Այսինքն՝ գնաճի վրա մեծ ազդեցություն ունեն նաև միջազգային շուկաները:
Գյուղնախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնելու: Ռոբերտ Մակարյանն ասել է, որ մասնավորապես՝ պանրի թանկացում է եղել մինչև 10 տոկոսի սահմաններում:
«Մենք հիմա պետք է պատճառները հասկանանք, որովհետև պանրի համար մթերված կաթը վերամշակողները մթերել են 2017 թ. ամռանը, իսկ կաթնատվության ծավալները հիմնական ամռանն են բարձրանում, հիմա թանկացնելու պատճառն անհայտ է: Մյուս շաբաթվա սկզբին գյուղատնտեսության նախարարը հրավիրել է խորհրդակցություն տարբեր արտադրողների, միությունների, ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի նաև լսենք իրենց: Գուցե ունեն օբյեկտիվ ինչ-որ պատճառներ, բայց, մեր գնահատմամբ, այսօրվա դրությամբ պետք է գինը չբարձրանար»,-ասել է նա։
Հնարավոր բարձրացումները կանխելու նպատակով, Ռոբերտ Մակարյանի ձևակերպմամբ, ուղղակի տնտեսվարողների հետ հաշվելու են, դա պարզ թվաբանական հաշվարկ է: փոխնախարարի կարծիքով՝ տնտեսվարողները ևս կհասկանան, որ անհարկի բարձրացումներ թույլ տալն անիմաստ կլինի այս դեպքում. «Եթե տնտեսվարողն անհարկի թանկացրել է արտադրանքը, ապա բոլոր պետական մարմինները համատեղ աշխատելու են, որպեսզի վերացնեն ու բացառեն կամայական, չտրամաբանված թանկացումները»:
