Սաակաշվիլին խնդրել է դատարանին իրեն լրացուցիչ պաշտպանություն տրամադրել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հերթական հայցն է ներկայացրել Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության դեմ՝ պահանջելով պարտավորեցնել գերատեսչությանը դիտարկել պետության լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձ ճանաչելու մասին իր հայտարարությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Սաակաշվիլին արդեն դիմել է Կիևի շրջանային վարչական դատարան՝ Ուկրաինայի միգրացիոն ծառայության Կիևի շրջանային վարչության դեմ հայցով: Քաղաքական գործիչը պահանջել էր պարտավորեցնել գերատեսչությանը դիտարկել նրան լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տրամադրելու հարցը: Սակայն դատարանը հունվարի 3-ին մերժել է Սաակաշվիլիին:
Դատական նիստը կայանալու է հունվարի 16-ին:
Սաակաշվիլին նաև խնդրում է դատարանին պարտավորեցնել գերատեսչությանն իրեն տրամադրել միգրացիոն ծառայությունից իր անձնական գործի նյութերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին:
Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու ժամանակ:
