2014–ին Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը ցեղասպանության դրսևորում է. Արմեն Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հանձնաժողովը կարևոր որոշում է կայացրել դրական եզրակացություն տալով «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» ԱԺ հայտարարության նախագծին, քանի որ 2014–ի օգոստոսին եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանություն է։
Գրառման մեջ ասվում է.
«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօրվա նիստում կարևոր որոշում է կայացրել՝ դրական եզրակացություն տալով «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծին, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է մարդկության դեմ այս ոճրագործությունը:
Նման հարցերը կարևոր են թե՛ մարդասիրական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսակետներից: Բառապաշարը և ձևակերպումները միշտ չէ, որ բավարարում են բոլորին: Լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք լավագույնս ենք հասկանում մեր բարեկամ եզդի ժողովրդի վիշտը, ամոքում ենք և սպիացնում նրա վերքերը:
Իրաքի տարածքում 2014 թվականի օգոստոսին իրականացված գործողությունները ցեղասպան են, ցեղասպանության դրսևորում են, ցեղասպանություն են:
Իրավա-քաղաքական ինչպիսի ձևակերպումներ տեղ կգտնեն վերջնական տեքստում կախված է Ազգային Ժողովից, որի ուշադրությանը ես և իմ գործընկերներ Ռուստամ Մախմուդյանն ու Վահրամ Բաղդասարյանը կներկայացնենք հայտարարության լրամշակված տարբերակ: Հարկ է նշել, որ նման նախաձեռնությամբ դեռևս նախորդ գումարման ընթացքում հանդես են եկել պատգամավորներ Թևան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլն:
Վստահ եմ, որ այս անգամ մենք մինչև վերջ կանցնենք այս ճանապարհը, որը տանում է դեպի ավելի մարդասիրական, արդար և ապահով աշխարհակարգ, քանզի առանց ցեղասպանությունների ճանաչման չկա ցեղասպանությունների լիարժեք կանխարգելում»:
