Բանակում ի՞նչ կա, որ գողանան. Հայկազ Բաղմանյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է մամուլի կողմից շրջանառվող տեղեկությանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցով գեներալական հավաքներ են լինում, ինչպես նաև բանակից չգողանալու՝ Սեյրան Սարոյանի հայտնի մեկնաբանությանը:
-«Հայկական ժամանակը» նախօրեին գրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, և որ օրերս Երևանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական հավաք է տեղի ունեցել: Ինչպես լրատվամիջոցին հայտնել են իրազեկ աղբյուրները՝ գեներալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի, և ակտիվ քննարկումներ են սկսվել՝ իրենց համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ, ինչն արտահայտվելու է Սերժ Սարգսյանին առաջարկ անելու միջոցով: Այս պահին հնարավոր չէ ճշտել կամ հաստատել լուրի իսկությունը, սակայն որպես գեներալ՝ ի՞նչ կարծիքի եք:
-Չեմ կարծում, որ նման բան լինի: Իհարկե, կա Գերագույն գլխավոր հրամանատար, և չեմ կարծում, որ զինվորականները պետք է...
-Բայց չէ՞ որ Գերագույն գլխավոր հրամանատարը նաև զինվորականներին լսելու հնարավորություն ունի։
-Այսինքն՝ զինվորականները պիտի առաջարկություննե՞ր անեն: Որոշում է Գերագույն գլխավոր հրամանատարը:
-Այնուամենայնիվ, եթե լինի նման որոշում, ինչպե՞ս կվերաբերվեք:
-Եկեք ենթադրություններով չզբաղվենք: Սենց խոսակցություններ կան... չգիտեմ ինչ: Դրանք բոլորը ենթադրություններ են, իսկ մենք ենթադրություններով չենք խոսում:
-Պաշտոնանկությունից հետո ինչո՞վ եք զբաղվում:
-Հանգստանում եմ:
-Ուրիշ ի՞նչ եք անում:
-Ոչ մի բան, հանգստանում եմ:
-Իսկ փողոց դուրս գալի՞ս եք. կաբինետներից կյանքին այլ աչքերով են նայում: Նկատե՞լ եք թանկացումներ։
-Երեկ Նախագահը խոսեց այդ մասին, մեկնաբանեցին:
-Այսինքն՝ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից հետո՞ միայն իմացաք, որ թանկացումներ են եղել, մինչ այդ չգիտեի՞ք:
-Գիտեինք, իհարկե գիտեինք:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը մեղք չէ՞։
-Ո՞ր առումով:
-Սոցիալական պայմանների:
- Դե, ով ուզում է աշխատի, աշխատում է, ով չէ՝ փնովում են անընդհատ: Իսկ մարդիկ՝ այդ թվում դուք՝ լրագրողներդ, ովքեր աշխատում են, ապրում են:
-Պարո՛ն Բաղմանյան, Ձեր պաշտոնանկության առիթով լրագրողների դիտարկմանը, թե ունեք շքեղ մեքենա, Սեյրան Սարոյանն ասել էր, որ ոչ ոք չի հարստացել բանակի հաշվին, և իրենց դրսի ընկերներն օգնում են իրենց, որ գեներալները բանակից չգողանան: Չե՞ք նեղացել Սեյրան Սարոյանից:
-Չեմ կարծում, որ այդ նպատակով է ասել: Համ էլ բանակում ի՞նչ կա, որ գողանան… Լավ, Ձեր Նոր տարին շնորհավորեմ, լավ տարի լինի, ամենակարևորը՝ խաղաղություն լինի:
