Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների հետ կապված բիզնեսը կփոխանցի զարմիկին
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի օդանավակայանների հետ կապված բիզնեսն այս ամիս Նյու Յորքում կներկայացվի IPO-ի (Initial Public Offering՝ սկզբնական հանրային առաջարկ), գրում է bloomberg.com կայքը՝ մանրամասնելով, որ գնորդը լինելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը:
Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին:
«Ես դիմում եմ նման քայլի, սակայն դա չի նշականում, որ կառավարողը ես եմ: Միակ մարդը, ով կառավարում է օդանավակայանները, զարմիկս է»,- Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ ասել է Էռնեկյանը:
Ընդհանուր առմամբ, 85-ամյա Էռնեկյանը մտադիր է հունվար-փետրվար ամիսների ընթացքում վաճառքի հանել 750 մլն դոլարի արժեթուղթ:
