Ոստիկանը, քննիչը, դատախազը, դատարանն ամբողջական շղթայի մասնիկներ են, եթե մեկը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, դա ազդում է ողջ շղթայի վրա. Գ. Կոստանյան
Սարսափելի է, այսինքն՝ ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում մեզ համար անընդունելի է, և հանցավորության ու իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարին: Կոստանյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք սա անպատժելիության հետևանք չէ՝ նշելով, որ գործի նյութերին ծանոթ չէ:
«Ցանկացած հանցագործություն, երբ կատարվում է, սա դեռևս չի նշանակում, որ անպատժելիության հետևանք է: Ես հիմա հստակ չգիտեմ՝ արդյո՞ք նա եղել է առանց վարորդական իրավունքի, արդյո՞ք վարելու իրավունք ունի, պարզապես վկայակա՞նը մոտը չի եղել, ճանապարհին երթևեկության կանոնների խախտում թույլ է տվե՞լ, թե ոչ: Ես կդժվարանամ նման հետևություն անել, որովհետև դեռևս չունեմ փաստերը, չեմ տիրապետում գործի նյութերին»,-ասաց նա:
Դիտակմանը, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, թե Ոստիկանությունը միշտ իր գործը կատարել է, կարող է փաստաթղթեր ներկայացնել, որ կանխարգել է և գործը հանձնել է Քննչական կոմիտեին, որից հետո նրանք ազատ են արձակվել, սա չի՞ խոսում 2 իրավապահ կառույցների տարաձայնության մասին և այն մասին, որ Քննչական կոմիտեն է անպատժելիության մթնոլորտ ստեղծել, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ես փոխոստիկանապետի խոսքերը չեմ մեկնաբանում, թող ինքը մեկնաբանի իր խոսքերը: Ես ընդամենը հետևյալը կասեմ, որ թյուր կարծիք է իրավապահ համակարգի մասին շրջանառվում, այսինքն՝ ես բռնեցի, բերեցի, դու հիմնավորի. այդպես չի լինում: Օպերատիվ հետախուզական միջոցառումը, հանցագործության բացահայտման և կանխարգելման միջոցառումները ևս պետք է ունենան բավարար ապացույցներ: Ինչպես նաև, օրինակ՝ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձին ձերբակալել, կալանավորվել կամ մեղադրանք են առաջադրել և քննության ինչ-որ փուլում անձն ազատ է արձակվում, սա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի կողմից ապօրինություն է եղել»:
Նախկին գլխավոր դատախազը շեշտեց, որ ոստիկանը, քննիչը, դատախազը, դատարանն ամբողջական շղթայի մասնիկներ են: Ըստ նրա, եթե շղթայի մասնիկներից մեկը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, դա ազդում է ամբողջ շղթայի գործունեության վրա: Կոստանյանը գտնում է, որ օրենքի հավասարության սկզբունքը բացարձակ աքսիոմատիկ իրականություն է, սակայն չհերքեց, որ այս սկզբունքը խախտելու փորձեր եղել են:
«Այն, որ եղել են չարաշահումներ, կոռուպցիոն բնույթի երևույթներ, առնվազն փաստում է այն, որ բազմաթիվ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ ենթարկվել, ենթարկվում և ենթարկվելու են պատասխանատվության»,- շարունակեց Գևորգ Կոստանյանը:
Լրագրողները փորձեցին հստակեցնել՝ հիմա ոստիկանությունը բացահայտ բարձրաձայն ասում է՝ մենք բռնել, տարել ենք, մենք մեղավոր չենք, ուրիշ տեղերում փնտրեք խնդիրը, սա ի՞նչ է նշանակում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում՝ ոստիկանությունը բարձրաձայն նման բան ասի, որովհետև նման բան որևէ մեկը չի ասի: Այդ նույն տրամաբանությունից ելնելով՝ քննիչն էլ կարող է ասել՝ ես էլ իմ մեղադրական եզրակացությունը կազմել եմ՝ դատարանը թող դատի տա: Տենց չի լինում: Եվ չի նշանակում, որ եթե ոստիկանն ինչ-որ մեկին բռնեց, ուրեմն դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այդ լոգիկայով գնանք, ուրեմն դատարան էլ մեր երկրին պետք չէ՝ ոստիկանն ում բռնեց, ուրեմն մեղավոր է, պետք է մինչև վերջ դատենք»,-եզրափակեց Գևորգ Կոստանյանը:
