Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Զարուհի Փոստանջյանին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Զարուհի Փոստանջյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Հայաստանում տիրող ներկա և առաջիկա քաղաքական ու տնտեսական կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ իր տեսակետներն ու մտահոգությունները: Նա ընդգծել է Սփյուռքի հայության՝ Հայաստանի Հանրապետության հզորացման գործում ավելի գործուն դեր ունենալու անհրաժեշտության մասին:
Արամ Ա կաթողիկոսն իր հերթին շեշտել է, որ Սփյուռքը կոչված է առանցքային դեր ունենալու պետական կառույցների ամրապնդման և հայրենաշինության գործում, և հետևաբար՝ պետք է Հայաստան-Սփյուռք գործակցությունն ավելի ընդլայնել։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև հիշեցրել է, որ այս թեմային նա անդրադարձել էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
