Աստանայում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է օդանավակայանը
Աստանայի օդանավակայանը հինգշաբթի առավոտյան փակվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աստանա քաղաքի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով փակվել է մինչև Աստանայի ժամանակով ժամը 13:00-ն»,- ասված է հաղորդագրությունում:
Ուղևորներին խորհուրդ է տրվում ճշտել իրենց չվերթների վերաբերյալ տեղեկությունն ավիաընկերություններից:
Աստանայում հինգշաբթի առավոտվանից ուժեղ ձյուն է տեղում, որն ուղեկցվում է ուժեղ քամիով, ճանապարհներին տեսանելիությունը ցածր է: Դպրոցներում չեղարկվել են առաջին հերթի 1-11-րդ դասարանների աշակերտների դասերը:
