Թանկացումների դեմ շարժումը նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, նախադրյալներ կան, բայց «բունտ» չի լինի. Արմեն Բադալյան
Նախադրյալներ կան, բայց ««բունտ»» չի լինի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով թանկացումների դեմ հունվարի 19-ին «Ելք» խմբակցության կողմից հրավիրված երթին: Քաղաքագետի գնահատականով` նման շարժումը նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, որը եթե ձախողում է շարժման համար, ապա լավ PR քայլ է հենց դաշինքի համար: «Անհրաժեշտ պայմաններ կան, բայց դրան ոչինչ չի հետևի: Հայաստանում սոցիալական շատ վատ վիճակի դեմ պայքարն արտահայտվում է ոչ թե փողոցներում զանգվածային միջոցառումներ անցկացնելով՝ երթեր, ցույցեր, կամ ««բունտ»» անելով, այլ ուղղակի արտագաղթելով: Զգալի մասն արտագաղթում է, մի մասը դրսից ստանում է տրանսֆերտներ և դրանով յոլա է գնում, մյուս մասը, որ չի կարողանում յոլա գնալ, այլևս հավատ չունի»,-ասաց նա:
-Պարո՛ն Բադալյան, «Ելքը» հունվարի 19-ին երթ է հրավիրել թանկացումների դեմ: Ըստ Ձեզ` կա՞ն սոցիալական «բունտի» նախադրյալներ:
-Նախադրյալներ կան, բայց «բունտ» չի լինի. բավական թանկացումներ եղել են և դեռ կլինեն, ինչը կլարի իրավիճակը և դա կարող է հանգեցնել` չասեմ «բունտի», բայց ակտիվ հասարակական զանգվածային գործողությունների, իսկ Հայաստանում այդ գործընթացները տեղի չեն ունենա։ Այսպես ասած, անհրաժեշտ պայմաններ կան, բայց դրան ոչինչ չի հետևի:
-Իսկ ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել զանգվածային գործողություններ, որովհետև սոցիալական ընդվզումներ ՀՀ-ում, ըստ էության, չե՞ն լինում, թե՞ ուղղակի երթը առաջնորդողի ուժը բավարար չէ, որպեսզի մեծ զանգվածներ փողոց դուրս գան:
-Ոչ, դրանով չի պայմանավորված, ուղղակի Հայաստանում սոցիալական շատ վատ վիճակի դեմ պայքարն արտահայտվում է ոչ թե փողոցներում զանգվածային միջոցառումներ անցկացնելով՝ երթեր, ցույցեր կամ «բունտ» անելով, այլ ուղղակի արտագաղթելով: Զգալի մասն արտագաղթում է, մի մասը դրսից ստանում է տրանսֆերտներ և դրանով յոլա է գնում, մյուս մասը, որ չի կարողանում յոլա գնալ, այլևս հավատ չունի, որ ինչ-որ գործողություններ կարող են հաջողության բերել, և դրա համար մի կերպ իր գլուխն է պահում: Այսպես ասենք՝ յուրաքանչյուր սոցիալական խումբ ընտրել է սոցիալական դժվար պայմանների դեմ պայքարելու իր մեթոդոլոգիան՝ արտագաղթ, դրսից ստացած օգնություն, մի կերպ յոլա գնալ, գլուխ պահել, որովհետև հավատ չունի։ Սա ստրատեգիական տեսակետից, իսկ տակտիկական տեսակետից հաջողություն չի ունենա թանկացումների դեմ այս պայքարը, որովհետև դա կոնկրետ չէ: Ճիշտ է, ապրանքները կոնկրետ թանկացել են, բայց թանկացումների դեմ քննադատությունների թիրախը չկա։ Ո՞ւմ դեմ պայքարել՝ նախագահի, կառավարության, վարչապետի, իշխող քաղաքական ուժի, թե՞ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ։ Կամ գուցե գործարանների՞ դեմ, որ թանկացրել են։ Այսինքն՝ հանրահավաքը կոնկրետություն չունի իր մեջ, ինչն էլ իր հերթին չի նպաստի մարդկանց մոբիլիզացիային` առավել ևս, որ մոբիլիզացվող զանգված էլ չի մնացել, արտագաղթն այնքան ուժեղացել է, որ շատ շատերը ուղղակի հեռանում են... Այսինքն` կան ստրատեգիական պայմաններ, որոնք «բունտի» չեն հանգեցնի և կա տակտիկական թերություն, որը նույնպես չի նպաստի այդ «բունտին»:
-Այդ դեպքում «Ելք»–ի նպատակը մեծ հաշվով ո՞րն է։ Կարծում եք` իրե՞նք էլ չեն հասկանում, որ արտագաղթի նման պայմաներում մարդկանց մոբիլիզացնել դժվար է` հատկապես, որ նույն Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս ասում էր, որ սոցիալական խնդիրները ՀՀ-ում երբեք պատճառ չեն դարձել մարդկանց փողոց դուրս գալու։ Մինչդեռ ստացվում է, որ այդուհանդերձ դիմում են այդ քայլին. ինչո՞ւ:
-Սովորական, նորմալ երևույթ է այն, ինչ նրանք նախաձեռնել են: Աշխարհի բոլոր երկրներում էլ կուսակցությունները`հատկապես ընդդիմադիր, երբ այս տեսակի հարց են տեսնում, որը կարող են օգտագործել և իրենց կուսակցական PR-ն անել, դա միշտ էլ օգտագործում են: Կուսակցական PR-ը և կուսակցական գործունեությունը պահանջում է մշտական աշխատանք, և նրանք էլ, փաստորեն, գտել են հարմար առիթը՝ թանկացումները և փորձում են լրատվադաշտում նորից իրենց կուսակցական PR-ն անել, և դա նորմալ է:
-Պարո՛ն Բադալյան, «Ելքը» համոզված է, որ կարող են արդյունքի հասնել` այդկերպ ճնշելով իշխանություններին ու օրենսդրական այն դրույթները, որոնք հանգեցրել են թանկացումների, ինչպես, օրինակ, «Հարկային օրենսգրքի» շտկումներ պահանջեն։ Ըստ նրանց` իրենք 9 պատգամավորով չեն կարողանում փոխել դա։ Նշում են, որ ռեալ պահանջ կա և կարող են փոփոխության հասնել հասարակության ճնշման շնորհիվ: Այս մասին ին՞չ կասեք։
- Ճնշումների միջոցով իշխանություններից ոչինչ չես կարող ստանալ, որովհետև իշխանությունները ցույց են տվել, որ ճնշումների դեմ իրենք պայքարի մեթոդներն ունեն: Դա մարտի 1-ն է, նաև ապրիլի 2-ն է, երբ համատարած փողի բաժանման արդյունքում, ինչպես գրում են լրատվամիջոցները,նրանք իրենց համար ցանկալի լուծման հասան: Այսինքն՝ հասարակական ճնշումը չի կարող պարտադրել իշխանություններին այս կամ այն քայլն իրականացել, որովհետև հասարակության մեջ էլ ճնշող մասն այն կրիտիկական ծավալը չունի, որ իշխանություններն ինչ-որ գործողությունների, փոխզիջումների գնան` առավել ևս, որ Հայաստանում այն իշխանությունները չեն, որ հասարակությանը հաշվի առնեն և ճնշումներից դրդված այս կամ այն գործողություններն իրականացնեն:
- «Ելք» հայտարարում է, որ իրենց նախաձեռնությունը բաց է այլ քաղաքական ուժերի համար, ովքեր կցանկանան միանալ՝ լինեն արտախորհրդարանական, թե խորհրդարանական ուժեր: Ի՞նչ եք կարծում, այդ կերպ կհաջողվի՞ ինչ-որ թափ հաղորդել շարժմանը:
-Ես չեմ կարծում, որ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերը, որոնք ազդեցիկ ռեսուրսներ ունեն, կմիանան իրենց, չնայած ազդեցիկ ռեսուրս ունեցող ուժեր էլ համարյա չկան խորհրդարանից դուրս, բայց անգամ քիչ ռեսուրս ունեցող ընդդիմադիր ուժերը նրանց չեն միանա, որովհետև ինչո՞ւ միանան և իրենց ռեսուսրներով նպաստեն «Ելք» դաշինքի կուսակցական PR-ին ու նպաստեն նրանց վարկանիշի բարձրացմանը:
-Պարո՛ն Բադալյան, «Ծառուկյան» դաշինքն էլ խորհրդարանում նույն «Հարկային օրենսգրքի» դեմ բավական բուռն էր արձագանքում, գուցե՞ միանան և փողոցային պայքարի նախաձեռնությունը հետո կարողանան վերցնել իրենց ձեռքը:
-Պետք է հասկանալ, որ հանրահավաքներով, ցույցերով ու երթերով ՀՀ-ում այլևս ոչինչ չի որոշվում, որովհետև չկա կրիտիկական զանգված, որի առկայությունը կստիպեր իշխանությանը քայլ անել։ Դրա համար անիմաստ է դառնում այս կամ այն ուժին միանալը: Ինչ վերաբերում է այս կամ այն օրենքում փոփոխությունների հասնելուն, եթե ԲՀԿ-ն ցանկանում է փոփոխություն կատարել, կարող է կատարել միայն ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի կամ գործարարների հետ բանակցային գործընթացի միջոցով:
– Այսինքն, եթե ամփոփենք, ստացվում է` թանկացումների դեմ «Ելք»–ի նախաձեռնությունը դատապարտված է ձախողմա՞ն:
- Ձախողում` այո, բայց գուցե ոչ «Ելք»–ի համար, քանի որ կարող է իր մասով իր վարկանիշի վրա աշխատել: Ձախողում կարող ենք ասել թանկացման դեմ շարժման մասով, որը ոչ մեկի դեմ ուղղված շարժում չէ։ Դա նույնն է, ինչ պայքարը ցուրտ եղանակի դեմ, կոնկրետ թիրախ էլ չունի, և շարժման նպատակին հասնելու համար ձախողում է։ Չչգիտեն էլ` աշխատավա՞րձն են ուզում բարձրանա, թե՞ ապրանքների գներն իջնեն, այստեղ էլ հստակություն չկա:
