«Առավոտ». Իրանում «արաբական գարուն» չի լինի
«Իրանի պարագայում ոմանք սկսեցին խոսել «արաբական գարնան» տիպի սցենարի մասին: Սակայն հարևան երկրում նման սցենարի կրկնության հնարավորությունը չափազանց փոքր է: Նախ՝ այն պատճառով, որ 2011 թվականին մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները՝ անկարգությունները, խժդժությունները, հեղափոխությունները և դրանց հետևանքները բոլորիս աչքի առաջ են: Բայց այս ընդհանուր դատողությունից բացի՝ պետք է հաշվի առնել զուտ Իրանի առանձնահատկությունները: Առաջին հերթին այն, որ այդ երկիրը դարավոր, չընդհատվող պետականություն ունի, որևէ մեկի գաղութը չի եղել, ավելին՝ հանդես չի եկել որպես որևէ պետության կամակատար: Պետականությունը և ինքնիշխանությունը մեր հարևան ժողովրդի արյան մեջ է (ո՞ւր էր, թե նույնը հնարավոր լիներ ասել մեր` հայերիս մասին), որևէ ցնորամիտ քայլ, որևէ արկածախնդրություն իրանցիների մեծ մասը չի հանդուրժի:
Եվ ամենակարևորը. պետք է ընդունել, որ աշխարհը կարող է բազմազան լինել: Ես անձամբ կողմ եմ պետության եվրոպական մոդելին և կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա հենց այդ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ, ասենք, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը նույնպես պիտի գնան այդ ճանապարհով: Շատ բաներ, որ տեղի են ունենում այդ երկրներում, ինձ համար անընդունելի են: Ինձ, օրինակ, դուր չի գալիս, երբ փակում են սոցիալական ցանցերը, որպեսզի մարդիկ չկարողանան ցույցեր կազմակերպել: Բայց, ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է որոշում՝ ինչը հանդուրժել, ինչը՝ ոչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
