Թուրքական դատարանը նոր բացահայտումներ է արել Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործի հետ կապված
Թուրքական դատարանն ապացուցել է Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով անցնող կասկածյալներից Վ.Կ.Ա.-ի առնչությունը կատարված սպանությանը, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշվում է, որ կասկածյալը, ով միևնույն ժամանակ մեղադրվում է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու համար, հարցաքննվել է Անկարայի արդարադատության պալատում կայացած նիստի ժամանակ:
Դատախազն ապացուցված է համարել նրա կապը մարդասպան Մևլութ Ալթընթաշի հետ ու մասնակցությունը սպանության ծրագրմանը:
Բացի այդ, հարցաքննության ընթացքում հայտնի են դարձել Ալթընթաշի որոշ գործողությունների հետ կապված այլ մանրամասներ: Հայտնի է դարձել, որ նա իսլամական ծայրահեղական քարոզչության որոշ գրքեր է ճամպրուկով փոխանցել մեկ այլ կրոնական խմբավորմանը հարող անձի, որից հետո հետ է ուզել այն: Ենթադրվում է, որ նա դա արել է հետագայում քննչական մարմինների ուշադրությունը շեղելու նպատակով՝ ստանալով այլ կրոնական խմբավորման անդամի մատնահետքերն իր ճամպրուկի վրա:
Ավելի վաղ ռուս փորձագետներին հաջողվել էր վերականգնել բոլոր նամակագրությունները, այդ ընթացքում նրանք չէին գտել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ Ալթընթաշի կապը հաստատող որևէ ապացույց: Փոխարենը նրա նամակներում եղել է «Հիզմեթ» («Ծառայություն») բառը, որը Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած կրոնական շարժման անվանումն է: Նշենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
