Շոտլանդիայում արգելվել են վայրի կենդանիների ելույթները կրկեսներում
Շոտլանդիան դարձել է առաջին բրիտանական տարածաշրջանը, որում արգելվել է վայրի կենդանինրի օգտագործումը շրջիկ կրկեսների ծրագրերում: Համապատասխան որոշումն ընդունել է տեղական խորհրդարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում վայրի կենդանիների իրավունքների պաշտպաններն արդեն մի քանի տարի պահանջում են իշխանություններից սահմանել այս արգելքն ամբող Միացյալ Թագավորությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արգելքի պատճառ են անվանել ծանր պայմանները, որոնցում կենդանիները ստիպված են ապրել և աշխատել, ինչպես նաև՝ տեղափոխման անտանելի պայմանները:
Նշվում է, որ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությունը ողջունել է շոտլանդական խորհրդարանի նախաձեռնությունը:
Կազմակերպությունը հույս է հայտնել, որ շոտլանդացի խորհրդարանականների օրինակին կհետևեն երկրի խորհրդարանի համայնքների պալատի անդամները, որոնք «տարիներ շարունակ խոստանում են այսպիսի արգելք սահմանել»:
