ԱՄՆ-ն Երուսաղեմի հարցում միայնակ է մնացել. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևին կողմ քվեարկել պատրաստվող 14 երկրների կողքին ԱՄՆ-ն պարզապես միայնակ է մնացել և այլ ելք չունենալով՝ որոշել է սպառնալիքների միջոցով հասնել բանաձևի մերժմանը:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ անկախ Թրամփի հայտարարություններից՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում կմնա անփոփոխ:
«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է և իրավունք ունի անկախ որոշումներ կայացնելու»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնությունն այն երկրներին, որոնք դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի օգտին:
«Նրանք վերցնում են մեզնից միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում մեր դեմ: Թող քվեարկեն, մենք բավականին գումար կտնտեսենք, մեզ համար միևնույնն է», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է ստացել: ԱՄՆ-ն`որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
