Մտահոգիչ է, որ պետպարտքի սպասարկման համար ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան կարևոր ոլորտների ֆինանսավորման. տնտեսագետ
Մտահոգիչ է ոչ թե պետական պարտքը հերթական 100 միլիոն դոլարով ավելացնելը, այլ այն, որ այդ պարտքի սպասարկման վրա պետությունն ավելի մեծ գումարներ է հատկացնում, քան կարևոր մի շարք ոլորտների համար, Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Մենք, օրինակ, 2018 թվականին պետական բյուջեում միայն պետական պարտքի սպասարկման վրա ավելի շատ փող ենք ծախսելու, քան ասենք կրթության ոլորտին ենք հատկացնում: Նախատեսված է մոտավորապես 190 միլիարդ դրամ ուղղել պետական պարտքի տոկոսների ու մայր գումարի մարելուն: Մտահոգիչը դա է, թե չէ որ պետական պարտքը ևս 100 միլիոնով ավելացավ, դա շատ դրամատիկ չէ»,-ասաց Կառլեն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ դրամատիկ է այն, որ պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացման հաշվին փաստորեն կրճատվում է մի շարք ոլորտների ֆինանսավորումը, քաղաքացիների՝ ավելի բարեկեցիկ ապրելու հնարավորությունները:
«Նույն այդ գումարը կարելի էր ուղղել պաշտպանությանը, սոցիալական ոլորտին, կենսաթոշակներին: Գումարի մի մասը առողջապահությանն ու կրթությանը կարելի էր հատկացնել, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց տնտեսագետը:
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով և կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար:
ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտենում է 60 տոկոսի միջակայքին, իսկ մինչև այդ եղած պարտքի չափը, տնտեսագետի խոսքով, կառավարելի է։
«Այս իմաստով այդ ծավալներով ավելացումը շատ մտահոգիչ չեմ համարում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վերջին 2 տարվա կտրվածքով պետական պարտքը շատ մեծ ծավալներով չի աճում նախորդ տարիների համեմատ»,-ասաց տնտեսագետը:
Ըստ Կառլեն Խաչատրյանի՝ կոպիտ դիտարկում է այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետական պարտքը մարելու գործընթացին անուղղակի մասնակից է, նրանցից յուրաքանչյուրը արդեն որոշ հաշվարկներով 2 հազար դոլար պարտք ունի:
«Իրականում պետական պարտքը ոչ թե առանձին վերցրած քաղաքացիների վճարելիք պարտքն է, այլ պետությունը պետք է տնտեսությունը զարգացնի, պետական բյուջեն մեծանա, որի արդյունքում մենք կարողանանք աստիճանաբար, տարիների ընթացքում այդ պարտքը մարել: Բայց միայն այն, որ ստիպված ենք եկող տարի պետական բյուջեով ահռելի գումար ուղղել նախորդ տարիներին կուտակած պարտքի տոկոսները ու մի մասը մարելուն, դա անշուշտ արդեն մտահոգիչ է»,-ասաց նա:
