Մխջյան․ Լարսի անցակետում ռուս մաքսավորները շարունակում են կաշառք պահանջել հայ գործարարներից
«Ազատության» հետ զրույցում գործարարը պատմեց, որ վերջերս ստիպված է եղել անօրինական գումար վճարել՝ սուրճը ռուսական շուկայում վաճառելու համար։ Նոյեմբերի 10-ին Լարսում ռուս մաքսավորը կնիքի դիմաց 5000 ռուբլի կաշառք է պահանջել, և բեռանատարի վարորդը միայն վճարելուց հետո է կարողացել անցնել սահմանը։
Մխջյանը պնդում է, որ Եվրոպական տնտեսական միությանն անդամակցելուց 2 տարի անց իրավիճակը ոչ միայն չի լուծվում, այլև էլ ավելի է վատթարանում: Նա նշեց, որ այդ խնդրի մասին բարձրաձայնում են ամեն առիթով ու պատասխանատու պաշտոնյաների հետ ամեն հանդիպման ժամանակ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ սայլը տեղից չի շարժվում․ - «Փաստորան գալիս ենք նորից հին տաշտակին: Ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել: Լարսում կաշառակերությունը շարունակվում է․․․ Կարծում եմ, որ Լարսի խնդիրները պիտի շարունակվեն այնքան ժամանակ, մինչև մեր իշխանությունները մի կարգին բողոք բարձրացնեն այդ հարցով»:
Լարսում տիրող իրավիճակի մասին տեղյակ է նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: «Ազատության» հարցին ի պատասխան Բաբկոն ընդունեց, որ խնդիրն առկա է՝ հավելելով, թե ինքը տեղյակ չէ, որքանով խորն է այն, որովհետև այդ հարցով չի զբաղվում:
Նա ասաց, որ հայ արտահանողներն ու գործարարներ իրեն նման խնդրով չեն դիմել․ - «Բայց եթե կան փաստեր, գրեք՝ մենք կօգնենք։ Կաշառք տալիս է նա, ով ինչ որ խախտումներ է թույլ տալիս, դա իմ անձնական կարծիքն է։ Իսկ եթե ամեն ինչ մաքուր է, լավ, ոչ ոք չի կարող ոչինչ ավելի պահանջել։ Բայց ամենակարևորը ես կհորդորեմ՝ եթե կան այդպիսի դեպքեր, դրանց մասին պետք է խոսել բաց, հյատարարել, ֆիքսել, հասցնել դատարան, որպեսզի դադարեցվեն։ Դրանք գոյություն ունեն ամբողջ աշխարհում, դա կոռուպցիան է, որի դեմ պետք է պայքարել»։
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավարի կարծիքով, սահմանին առաջացող խնդիրների կապված են նաև միասնական սահման չունենալու հետ։ Հայ արտահանողները ստիպված են անցնել Վրաստանով, դրա համար անելով լրացուցիչ ձևակերպումներ, ինչը բարդացնում է խնդիրը․ - «Այս ամենը բացառելու համար, պարզապես պետք է կառուցել ուղիղ ճանապարհ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տրանսպորտային ենթակառուցվածքը բավականին բարդ է»:
