Շենիկ համայնքում` Թուրքիայի սահմանից 3-3,5 կմ հեռավորության վրա բացվեց 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա գտնվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Գրին Էներջի» 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողությանը: 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Գրին Էներջի» արևային կայանը կառուցվել է «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ:
«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, և երբ այն ժամանակ ցանկանում էին արևային էներգիայի ոլորտում աշխատել, շատերի համար տարօրինակ էր հնչում: «Այսօր հպարտությամբ ներկայացնում ենք մեկ 1 ՄՎտ հզորությամբ կայանը` մեր հաճախորդի պատվերով: Ես վստահ եմ, որ իրականում սրանք «ծաղիկներն» են, Հայաստանում արևային էներգիան շատ մեծ հեռանկարներ ունի: Կարծում եմ՝ բոլորս հետագայում 1 ՄՎՏ-ին նայելու ենք այնպես, ինչպես այսօր նայում ենք 1 արևային տաքացուցիչին: Այսինքն՝ ծավալը և տեմպերը գնալով աճելու են»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ այս կայանը արտադրում և առաքում է էլեկտրաէներգիան ազգային ցանց: «Եթե համեմատություն անցկացնենք ջրի հետ, պատկերացրեք՝ մի գետ ավելացել է մեր ազգային ցանցին»,-ասաց նա: Հայկ Շեկյանը նշեց, որ այստեղ դրական հանգամանքն այն է, որ որքան էլեկտրաէներգիայի լոկալ արտադրության հնարավորությունը մեծ լինի, այնքան ավելի քիչ կլինեն փոխադրման ծախսերը, այսինքն՝ կորուստները: «Այսինքն` այս տարածաշրջանում ստեղծելով նման էլեկտրակայան, մենք նվազեցնում ենք ավելի խոշոր կայաններից էլեկտրաէներգիայի տեղափոխման կորուստները, այդ առումով բոլորս օգտվելու ենք»,-ասաց նա և հույս հայտնեց, որ մոտակայքում շուտով արտադրություն կստեղծվի:
«Ի դեպ կայանից դեպի Թուրքիայի սահման մոտավորապես 3-3,5 կմ է, այսինքն` այս սեփականատերը, որ նման ներդրում արել է, սկսում է զարգացման պրոցես, ստեղծվելու է մեկ այլ արտադրություն և այլ բաներ: Ես կարծում եմ, որ մենք կատարել ենք շատ լավ աշխատանք և կայանը ստեղծվել է լավագույն ստանդարտներով»,-ասաց նա և նշեց, որ իրենք միայն աշխարհահռչակ արտադրողներից են օգտվում, և բոլոր սարքավորումները երաշխիք ունեն: Ըստ նրա` կայանները սնկերի պես աճելու են, ոլորտը գնալով զարգանալու է և իրենք ընտրել են օպտիմալ ներդրման ճանապարհը:
«ԲաղրամյանՇին» գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը նշեց, որ կաբելային շատ հանգույցներ և սարքավորումներ ձեռք են բերվել լիզինգով: Ինչ վերաբերում է տեղի ընտրությանը, թե ինչու այսքան մոտ Թուրքիայի սահմանին, ապա նա նշեց, որ իրենք ծննդով այդ տարածաշրջանից են: «Հակառակը` մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք ավելի ժամանակակից մեթոդներով, ավելի ժամանակակից պահանջներով ենք զարգանալու։ Թող բոլորին պարզ լինի, որ ոչ թե Հայաստանից գնում են, այլ ապրող մարդիկ ներդրում են անում և ապագայի մեծ հույս ունեն»,-ասաց նա:
«Գրին Էներջի» արևային կայանի սեփականատեր Վարդան Վարդանյանը հայտնեց, որ արևային կայանների կառուցման սկիզբը դրվեց օգոստոս ամսին: «Մեզ համար կարևոր նպատակ է զարգացնել վերականգնվող էներգետիկան Հայաստանում և արդյունքում ունենալ էներգետիկայի անկախության սկիզբ»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ արևային կայանը բաղկացած է 3124 արևային վահանակներից, շինարարական աշխատանքներն ամբողջովին իրականացրել է «ԲաղրամյանՇին» ընկերությունը, որը փայլուն կատարել է իր աշխատանքները: «Կայանն այս պահին միացված է հայկական էլեկտրական ցանցերին և կարգաբերման փուլում է: Ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք ավելի շատ մեծ կայաններ, քան հիմա կան»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում ունենում ենք շուրջ 300 արևային օր, ինչը շատ բարենպաստ է համարվում:
«ԱԿԲԱ Լիզինգ»-ի տնօրեն Արսեն Բազիկյանը նշեց, որ սա իրենց իրականացրած խոշոր ծրագրերից արդեն երկրորդն է: «Հատուկ ծրագրի շրջանակներում մենք այս կայանները տրամադրում ենք լիզինգով և համագործակցելով կարողանում ենք արտոնյալ պայմաններ տրամադրել կայանի ֆինանսավորման համար»,-ասաց նա և նշեց, որ համաֆինանսավորումը եղել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում և ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 850 հազար ԱՄՆ դոլար:
