Չի բացառվում, որ «Ելք»-ը վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի. Էդմոն Մարուքյան
Չի բացառվում, որ «Ելք»-ը վարչապետի այլընտրանքային թեկնածու ներկայացնի: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, թե երբ ժամանակը գա, քննարկումներ կլինեն: Միաժամանակ, նա գտնում է, որ 2018 թվականին ձևավորվող կառավարության մեջ խոշոր փոփոխություններ չեն լինի, կարող է լինել մի քանի կոսմետիկ փոփոխություն: Մարուքյանն ընդգծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ին է և շեշտում է, որ իրենց խմբակցության համար ՀՀԿ-ից ընդունելի թեկնածու չկա, ով էլ լինի, միևնույն է, իրենք դեմ են լինելու: Էդմոն Մարուքյանը նաև չի բացառում, որ այժմ ՀՀԿ-ականները համոզում են Սերժ Սարգսյանին, որ նա լինի իրենց վարչապետի թեկնածուն:
- Պարո՛ն Մարուքյան, 2018 թ. նախագահի լիազորություններն ավարտվում են, կառավարությունը հրաժարական է տալիս: Տեսակետ կա, որ իշխանության ձևավորման գործընթացի հետ կապված ընդդիմության արձագանքը պասիվ է, քանի որ այս հարցում իր տեսակետը հանրությանը չի ներկայացնում:
- Իսկ ինչ պետք անի ընդդիմությունը, որ չի անում: Կարծում եմ՝ ընդդիմության և իշխանություն գործողությունները վաղուց տեղի են ունեցել: Սակայն առաջին հերթին ասեմ, որ հարցի հետ համակարծիք չեմ, քանի որ ՀՀ-ում ապրիլին նոր իշխանություն չի ձևավորվելու, ՀՀ-ում նոր իշխանությունը ձևավորվել է անցած ապրիլին, ու պառլամենտական ընտրություններից հետո արդեն ֆիքսված է, թե համակարգն ինչպիսին է: Ընդդիմությունն իր հնարավոր ունեցած ռեսուրսներով պայքարել է այդ իշխանության համար, որը եղել է ապրիլի 2-ի ընտրություններին, դրանից հետո եղել են Երևան քաղաքի ընտրությունները, հետո ՏԻՄ-ը, որին մենք կամ այլ ընդդիմադիր ուժեր մասնակցել են: Հետևաբար, չենք կարող ասել, որ նոր իշխանություն է ձևավորվում, ապրիլին պարզապես նախագահի լիազորություններն ավարտվում են, Սահմանադրության ուժով Կառավարությունը ցրվում է, և ԱԺ Հանրապետական մեծամասնություն իր կոալիցիոն գործընկերոջ հետ ձևավորելու է Կառավարություն, որը կարող է լինել հենց այսօրվա կառավարությունը՝ առանց որևէ փոփոխության: Կամ` կարող է ձևավորել Կառավարություն, որում կարող է կատարվել մի քանի կոսմետիկ փոփոխություն:
- Հաշվի առնելով Հանրապետականների տարբեր հայտարարություններ` հատկապես այն մասին, որ նոր վարչապետը պատասխանատու է լինելու նաև արտաքին քաղաքականության համար, և հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականներն ասում են, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իրենց որոշումների առանցքում, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է առաջադրելու խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն:
- Չեմ կարող ասել, կարծում եմ՝ նվազագույնը մի քանի սցենար կունենա: Սցենարներից մեկը կարող է լինել այն, որ վարչապետ լինի Սերժ Սարգսյանը կամ հենց գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, կամ այլ թեկնածուներ: Այս պահին գուշակել, թե որ անձը կարող է լինել, չեմ կարող, բայց սրանք են իմ պատկերացրած սցենարները:
- Եթե ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ:
- Չեմ կարող ասել, որովհետև դա միայն Հանրապետականի որոշելիք հարցն է: Կարող է լինել գործող վարչապետը, կարող են լինել այլ թեկնածուներ, կարծում եմ՝ ներքին մրցակցություն իրենց մեջ կա: Ժամանակը կգա ու կտեսնենք:
- ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, երբ խոսում է 2018 թ.-ի վարչապետի թեկնածու մասին, հայտարարում է, որ, հաշվի առնելով արդեն առկա ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, պետք է լինի այպիսի վարչապետ, որը տեղյակ է այս գործընթացներից: Ձեր սցենարներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է, սակայն նա ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին իր տեսակետը նույնիսկ չի հայտնել, ավելին՝ նրան ռուսամետ են որակում: Ռեա՞լ եք համարում, որ 2018 թ.-ի վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը:
- Ես որոշ թեկնածուների, ում նշեցի, հնարավոր եմ համարում։ Մի բայց կա՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի լինելու վարչապետ կամ նախագահ, չի առաջադրվելու, իսկ մնացածի մասով ինքներդ դատեք: Բոլոր թեկնածուները կան, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի խորհրդարանական անհրաժեշտ, դեռ անհրաժեշտից էլ ավել մեխանիզմները, որ իր թեկնածուն առաջադրի: Այստեղ արդեն կապ չունի, թե մինչ այս ով ինչով է զբաղվել, ով ինչ է բանակցել և այլն: Կոնկրետ մեզ համար չկա ընդունելի ՀՀԿ-ի թեկնածու, ով էլ լինի` մենք դեմ ենք, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուներին մենք դեմ եք, որովհետև մեզ համար քննարկման հարց չէ, թե ով կլինի ՀՀԿ-ից:
- Անկախ ամեն ինչից` քննարկվում է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Որքանո՞վ է սա հավանական, թե՞ այդուհանդերձ նախագահը հայտարարությունը, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնի, իրականության մեջ կտեսնենք։
-Հիմա հայտարարություն է արվել, դա նախագահի հայտարարությունն է, դա լուրջ հայտարարություն է, որն արվել է սահմանադրական բարեփոխումներից առաջ: Ասվել է, որ եթե երկիրն անցնի խորհրդարանական կառավարման, ապա ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի պաշտոնում չի առաջադրվելու: Հիմա այդ հայտարարությունն ուժի մեջ է, դա չեն փոխել, չեն հայտարարել, որ դա այլևս գոյություն չունի կամ մտափոխվել են: Այդ հայտարարությունը կա: Բայց ՀՀԿ-ն կարող է որոշել, որ իրենք բոլորը համոզում են, որ նա լինի:
Նայելով Հանրապետականների հայտարարությունները, հարցազրույցները, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ համոզման գործընթաց է սկսվել ու բոլորը Սերժ Սարգսյանին ասում են՝ դուք եղեք, դուք եղեք, հետևաբար, սա հավանական տարբերակներից մեկն է: Սակայն որևէ մեկն այս պահին չի կարող պնդել, որ վարչապետի թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը, որովհետև մինչև վերջին պահը, որքան ես հասկանում եմ, սա պարզ չի լինելու: Երկիրը թողնվելու է անորոշության մեջ, որը նաև վնաս է պետությանը, վնաս է մեր պետության տնտեսությանը: Օրինակ՝ գործարարները չգիտեն, թե ապրիլին ինչ է լինելու, մարդիկ ինչ-որ տուրբոլենտ պրոցեսներ են տեսնում, որը երկրին կայունության չի բերում: Լավ կլիներ, որ ՀՀԿ-ն ապրիլի ընտրություններից հետո հայտարարեր, թե ով է լինելու իրենց թեկնածուն մյուս ապրիլին: Այդ ժամանակ մարդիկ կիմանային՝ փոփոխություններ լինելո՞ւեն, թե՝ ոչ, բայց այդ հայտարարությունը չի արվել, մինչ օրս գաղտնի է պահվում, ասում են՝ Ձեր ինչ գործն է, մենք ենք մեծամասնություն և ում կուզենք` կառաջադրենք: Մենք կարող են մեր թեկնածուի հարցը քննարկել, բայց մենք մեծամասնություն չունենք:
- Այսինքն՝ 2018 թ.-ի քաղաքական իրադարձությունները Ձեզ համար անորո՞շ են:
- Այո՛, բայց կարծում եմ, որ բոլորի համար են անորոշ, որովհետև մեր քաղաքական համակարգում կոնկրետ անձնավորված մոտեցում կա ու հստակ չէ, թե որ անձը կլինի վարչապետի թեկնածու, որ անձը կստանձնի վարչապետի կամ նախագահի պաշտոնը: Տեսեք՝ մի քանի ամսից, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, այս խորհրդարանը նախագահ է ընտրելու, սակայն որևէ թեկնածուի անուն դեռևս հայտնի չէ՝ ո՛չ պաշտոնապես, ո՛չ ոչ պաշտոնապես: Երկիրն անորոշության ցիկլոնի մեջ է, ինչը վատ է երկրի զարգացման համար: Այս անորոշությունների պատասխանատուն էլ ՀՀԿ-ն է՝ դաշնակցության հետ միասին:
- «Ելք»-ը Սահմանադրությամբ իրավունք չունի վարչապետի իր թեկնածուն առաջադրել, միևնույն է, հնարավո՞ր է` Ձեր այլընտրանքային թեկնածուն ունենաք, և ո՞վ կլինի:
- Կարծում եմ, երբ առաջադրելու ժամանակը գա, մենք կքննարկենք: Կարծում եմ նաև, որ չի բացառվում, որ մենք այլընտրանքային թեկնածու ունենանք:
