Ակնկալում ենք, որ բիզնես սկսողները համարձակ գնան գյուղ. վարչապետը ներդրումային առաջարկ ներկայացրեց ներդրողներին
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման արարողությանը հետաքրքրվեց, թե ինչ ժամկետում են ավարտել շինարարությունը: Վարչապետին տեղեկացրեցին, որ երեք ու կես ամիսների ընթացքում է արվել ամենը, իսկ արդյունքից գոհ են:
Ի պատասխան` վարչապետը խնդրեց նկատի ունենալ, որ Արագածոտնում բացված 1 ՄՎտ հզորությամբ արևային առաջին էլեկտրակայանի շինարարությունը մոտ մեկ ամիս է տևել:
Կարեն Կարապետյանին տեղեկացրեցին, որ տարբերությունն այն է, որ կայանն ամբողջովին տեղի կազմակերպությունների ուժերով է կառուցվել: Վարչապետը հետաքրքրվեց նաև սակագնի մասին, որը կազմում է 42,7 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի։
Վարչապետը արձագանքեց, որ մյուս տարի 25 դրամ պետք է կազմի. «Դուք լավ ժամանակ եք հասցրել, որովհետև մենք այդ սակագինը հատուկ ենք այդքան սահմանել, որ այս ոլորտին ուշադրություն դարձվի»,-ասաց վարչապետը և նշեց, որ 50 ՄՎտ -ից ավելիի առաջարկ ունեն:
Ներդրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ակնկալում է, որ բիզնեսի մեջ մտնողները համարձակ գնան գյուղ: «Եթե 3-3,5 տարի վերադարձելիությամբ բիզնես լինի, կմտնե՞ս»,-, հարցրեց վարչապետը և որպես օրինակ նշեց ինտենսիվ այգիները:
Ներդրողներից ոմանք պատասխանեցին, թե պարզապես պետք է իմանան`ում հետ աշխատեն: «Որ մեր խելքով չանենք`սխալվենք»,-ասաց ներդրողներից մեկը, ինչին ի պատասխան վարչապետը կոչ արեց կապվել Գյուղատնտեսության նախարարի հետ:
«Մեծ բիզնեսը մենք սահմանափակում ենք, որ փոքր ու միջին բիզնեսն իրականացվի»,-ասաց նա` կոչ անելով ստեղծել կաթիլային համակարգ, հակակարկտային կայաններ և աշխատել:
