Շուկայում հայտնված անհայտ ծագման բրինձը խնդրահարույց է, պատված է ինչ–որ թաղանթով, բայց պլաստիկ չէ. Դավիթ Պիպոյան
Անհայտ ծագման բրնձի մասին հայտարարությունից հետո, որը խուճապ է առաջացրել հանրության շրջանում, աշխարհին հայտնի բոլոր գիտական փորձաքննություններն իրականացվել են և պարզվել է, որ դա խնդրահարույց բրինձ է, բայց պլաստիկ բրինձ չէ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բրնձի վրա ինչ-որ թաղանթ կա, բայց միևնույն է` դա բրինձ է, ոչ թե պլաստիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:
«Բոլորին թվում է, թե իրենց բնակարաններում պլաստիկ բրինձ է: Պետք է ասեմ, որ այդ կեղծ բրինձը ոչ թե պլաստմասսայից է պատրաստված, այլ կարտոֆիլի օսլայից, որին ավելացված են ինչ-որ նյութեր»,- նշեց նա:
Ավելացված նյութերի ծագումը, ըստ Պիպոյանի՝ դեռևս հայտնի չէ: Անգամ ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի հաշվետվության համաձայն՝ արհեստական բրինձը իսկապես 2016 թ.-ին ներառվել է որպես ահագնացող ռիսկ:
«Հաշվետվությունում հստակ գրված է՝ լուրջ բարդություններ կան լաբորատոր մեթոդների հետ կապված: Նույն ԵՄ մարմինը դեռ ռիսկի բնութագրում չի տվել»,- հայտնեց Դավիթ Պիպոյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ արհեստական բրնձի հետ կապված ավելորդ խուճապի են մատնվում: Հայաստանում հայտնված անհայտ ծագման բրինձը չի եփվում, այնուհետև գարշահոտ է գալիս: Ընդ որում՝ կատարված փորձաքննությունը ցույց է տալիս, որ նորմալ բրինձը որոշ ժամանակ փակ տարայի մեջ մնալուց հետո բորբոսնում է, իսկ անհայտ ծագման բրնձի դեպքում բորբոս չի առաջանում:
«Սպառողների պաշտպանության համար խորհուրդ եմ տալիս տան պայմաններում ևս մի ոչ բարդ թեստ իրականացնել: Կարող եք մի քիչ բրինձ խաշել, փակ բերանով դնել մեկ այլ վայրում և հետևել պրոցեսներին: Եթե զարգանում է բորբոսասունկ, որևէ տհաճ կողմնակի հոտ չի գալիս, ապա խուճապի մատնվելու պատճառ չկա: Այս դեպքում սպառողները կարող են շարունակել օգտագործել այդ բրինձը»,- նշեց նա:
