«Վստահության» Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը վավերացվել է, արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման մասին. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ խոսելով Հայաստանում ՆԱՏՕ-ի հերթական շաբաթի մեկնարկի նշանակության մասին:
«Թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցելությունը»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:
«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:
Դեսպանը խոսեց նաև Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ նկատելով, որ այն Գերմանիայի համար կարևորագույն հարցերից է: «Դեռևս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համար: Հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրն օրեր առաջ է վավերացվել, և արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,-ասաց Գերմանիայի դեսպանը և հիշեցրեց, որ հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է 21 մարտական մեքենաների թվի նվազեցում, շուրջ 140 ոչ պիտանի պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաև լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:
Նշենք, որ Դեկտեմբերի 13-ից 18-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի, ՀՀ-ում ԳԴՀ, ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացնելու է հերթական (թվով 11-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
