Թուրքիայում ձերբակալել են մի ամբողջ քրդաբնակ գյուղի բոլոր բնակիչներին
Թուրքիայի Սիիրթ (Սղերդ - tert.am) նահանգի Քուրթուլան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են մի ամբողջ քրդաբնակ գյուղի բոլոր բնակիչները, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Նշվում է, որ Չելթիքբաշը գյուղի քուրդ բնակիչներին տարել են անհայտ ուղղությամբ, նրանց հստակ թվի մասին առայժմ տեղեկություն չկա:
Հայտնի է, որ Չելթիքբաշը գյուղը մշտապես թուրքական ԶՈւ-ի ուշադրության տակ է եղել դեռևս 1990-ականներից՝ թուրք-քրդական բախումների առավել լարված շրջանում:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
