Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ
ԱԺ արտահերթ նիստում, երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Օրենքը քվեարկության դրվեց և ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ:
Նախագծին խմբակցություններն ազատ քվեարկեցին, կողմ էին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:
Նշենք, որ ըստ օրենքի հեղինակների՝ այն 3 նպատակ է հետապնդում, որոնք հստակ սահմանված են վերնագրերում, այն է՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, բռնության պատճառով անձանց իրավունքների պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը:
Քվեարկության դրվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք:
«Սա անընդունելի է, երեկ այստեղ «ինչպես են մնացած փողերը ծախսվել» հարցին կառավարության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանեց: 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում դեմ քվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի»,-ասաց նա և հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկում է դեմ:
Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:
«Հարկային ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս ընդունվեց 70 կողմ, 28 դեմ ձայներով: Նախագծին «Ելք» խմբակցությունը կողմ քվեարկեց, թեև խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ օրենքը կիսատ-պռատ է և կողմ են քվեարկում որպես միջանկյալ լուծում:
