Հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ. Է. Նալբանդյան
Երեկ, ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առջև, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրել է Հայաստանի մոտեցումը արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ։
«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:
